Աննա Վարդապետյանի պաշտոնավարմանն ընդառաջ՝ Դատախազությունում նոր հաստիքներ են ավելացվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հերթական անգամ պետական կառավարման համակարգում արձանագրվել է ոչ թե օպտիմալացում, ինչպես խոստացել էր 2018 թվականին, այլ՝ ուռճացում, հաստիքների ավելացում, ինչի համար մեղադրում էր իրենից առաջ կառավարած իշխանություններին։

2019-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոր կառուցվածքը ներկայացնելիս պետական համակարգի օպտիմալացման վերաբերյալ կայացրած որոշումն այսպես էր հիմնավորել. «Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում, իսկ օպտիմալացման արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները, օրինակ՝ ԿԳՄՍՆ-ում, կտրվեն արվեստի զարգացմանը»։

Պետական համակարգի օպտիմալացման արդյունքում, ինչպես տեսանք, ոչ աշխատողները, ոչ փոխնախարարները, և ոչ էլ ծառայողական մեքենաները չպակասեցին։ Ինչպես հայտնի գործիչն է ասել ժամանակին, ուզում էին, որ լավ լինի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ։

Ու հիմա Գլխավոր դատախազության առանց այն էլ ուռճացած հաստիքացուցակն է համալրվում նորերով:

Կառավարության որոշմամբ այդ համակարգում 20 նոր հաստիք է ավելացել, ինչով պայմանավորված՝ հատկացվել է 25 միլիոն դրամ՝ այդ նոր աշխատողների համար գույք և տեխնիկա գնելու նպատակով, բնականաբար, պետական բյուջեից էլ հատկացվելու են հավելյալ միջոցներ՝ աշխատողների աշխատավարձերի և պարգևավճարների համար։

Արդյոք Դատախազությունում նոր հաստիքների ավելացումը պայմանավորված է Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանին Աննա Վարդապետյանով փոխարինելու հանգամանքով, մտածելու հարց է։ Նոր ղեկավար, նոր աշխատողներ, գուցե նաև՝ նոր գործառույթներ։ Միայն թե պարզ թվաբանությունը փաստում է, որ Փաշինյանը պետական կառավարման համակարգում օպտիմալացման, բյուջեից գումարները չմսխելու խոստման դիմաց կատարել և շարունակում է կատարել ուղիղ դրա հակառակը՝ ոչ միայն ավելացնելով պետական կառավարման համակարգում աշխատողների թվաքանակը, այլ նրանց տրվող աշխատավարձային և պարգևավճարային ֆոնդի ծավալները, ինչը, բնականաբար, շատ լավ աշխատող մեխանիզմ է՝ հատկապես ցանկացած ընտրության ժամանակ։

Իսկ հիմա ներկայացնենք որոշ թվային տվյալներ պետական համակարգի օպտիմալացման վերաբերյալ, ավելի ստույգ թվեր օպտիմալացումից առաջ և հետո։ Այսպես, եթե 2018 թ.-ին պետական ապարատում կար 17644 աշխատակից, 2020 թ.-ին այդ թիվը հասել է 18991-ի՝ մոտ 1350-ով ավելացել է:

Աճել են նաև պետական համակարգի պահպանման ծախսերը՝ 2018 թ.-ին այդ նպատակով հատկացվել է մոտ 93 մլրդ դրամ, 2021 թ.-ին՝ 130 մլրդ դրամ, 2022 թ.-ին՝ 133 մլրդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս