Ուզում ենք համախմբել ծնողներին, որ գլխավոր մեղավորը պատասխան տա և Արցախը չկորցնենք. 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների նոր նախաձեռնությունը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 50 ծնողներ շուրջ 2 տարի պահանջում են՝ պատերազմի աղետալի ելքի համար բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Հիմա նրանք նոր նախաձեռնություն են սկսել՝ հանդիպումներ Հանրապետության բոլոր զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Նպատակը մեկն է՝ համախմբել ծնողներին՝ պայքարին նոր և առավել ընդգրկուն թափ տալու համար։
Որդեկորույս ծնողները վստահ են, իրենց տղաների զոհվելու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իրենց գնահատմամբ՝ ապացուցվեց 2022 թվականի ապրիլի 13-ին, երբ Փաշինյանն Ազգային ժողովում ի լուր բոլորի հայտարարեց՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի»։
Նախաձեռնության հեղինակների երեկվա այցի առաջին կանգառը Կոտայքի մարզի Քասախ գյուղն էր, որտեղ 44-օրյա պատերազմի հետևանքով 9 զոհ է եղել։ Ծնողներն այցելեցին Քասախի զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին, ծանոթացան Քասախի զոհերի ծնողների հետ, ներկայացրեցին նախաձեռնության գլխավոր նպատակը։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արայիկ Ռոստոմյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ առաջ մեկնարկած այս շարժումն արդեն իսկ արդյունքներ է տվել, իրենց շարքերը համալրել են զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ։
«Մոտ 15 օր առաջ ծնողներով հավաքվեցինք և որոշեցինք, որ այն գործողությունները, որ մենք իրականացնում ենք Գլխավոր դատախազության դիմաց, Քննչական կոմիտեի մոտ այն օգուտը չի տալիս, որը մենք էինք կանխատեսում, մի փոքր դադար տվեցինք և փորձեցինք այդ ժամանակահատվածն օգտագործել և ամբողջ Հայաստանով շրջելով, գյուղ առ գյուղ այցելելով մեր հերոսների շիրիմներին, նախ՝ բոլորին դեմքով ճանաչել, և հետո՝ ծանոթանալ ծնողների հետ։
Նրանց մեջ մենք գտնում ենք այն ծնողներին, որոնք մեզ նման են մտածում, ովքեր կարծում են, որ իրենց որդիներին էլ է սպանել այն նույն մարդը, որը մենք ենք ասում, խոսքը Նիկոլի մասին է։
Մեր բանակը գնալով ավելի շատանում է․․․
Մենք ուզում ենք համախմբել ծնողներին ոչ միայն, որ գլխավոր մեղավոր դավաճանը պատասխան տա, այլև համախմբվենք և ամբողջ ժողովրդին հանենք ոտքի, որպեսզի Արցախը չկորցնենք։ Մեր որդիների արյունն է այնտեղ թափված, և այդ հողը մեզ համար սուրբ է, բայց տեսնում ենք, որ գյուղ առ գյուղ հանձնում են։ Մենք, երբ մեր որդիներին հողին էինք հանձնում, ասում էինք՝ թող վերջին զոհը լինի, բայց փաստորեն դեռ շարունակվում է։ Ուզում եմ, որ բոլորը զարթնեն, որովհետև վաղը կարող է իրենց որդին լինի․․․»։
Նախաձեռնության անդամ ծնողները Քասախից ուղևորվեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի զինվորական պանթեոն։ 44-օրյա պատերազմի հետևանքով Պռոշյանում 19 զոհ է եղել։ Ծնողներն այստեղ ևս ծաղիկներ խոնարհեցին զոհված տղաների շիրիմներին, ծանոթացան նրանց ծնողների, հարազատների հետ, ներկայացրեցին իրենց այցի հիմնական նպատակը։
Նախաձեռնության անդամ ծնողները տեղեկացրեցին, որ հաջորդ շաբաթ ուղևորվելու են Լոռու և Տավուշի մարզեր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում