
«Վիրավորներից 3-ը տեղափոխվել են Երևանի տարբեր բուժհաստատություններ՝ մնացած վիրավորների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում». Արցախի ԱՆ խոսնակ

Օգոստոսի 1-ից Արցախում Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություների արդյունքում հայկական կողմն ունի 19 վիրավոր և 2 զոհ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը փոխանցեց, որ երեկ ուշ երեկոյան նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում և ծանոթացել զինվորների առողջական վիճակի հետ։
«19 վիրավորներից 3-ը տեղափոխվել են Երևանի տարբեր բուժհաստատություններ՝ զուտ նեղ մասնագիտական աջակցոթյուն ստանալու համար, մնացած բոլոր վիրավորների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- շեշտեց նա։
Ըստ մամուլի խոսնակի, վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր։
«Մենք կապի մեջ ենք ամբողջ բուժանձնակազմի հետ և զինվորների առողջական վիճակում մի փոքր դրական դինամիկայի դեպքում անպայման կիրազեկենք»,- նշեց Արցախի ԱՆ խոսնակը։