«Դիրքերն են մոտիկ, դաշտեր չենք կարողանում գնալ». Եղցահողի բնակիչ
«Այսօր խախանդ է, կրակոց-բան չկա, ուղղակի դիրքերն են մոտիկ, դաշտեր չենք կարողանում գնալ. դաշտում տուկեր ունենք թափված, տեխնիկա ունենք, թուրքերը շատ են մոտիկ:
Կրակոցները երեկ առավոտյան ժամը 7-ին եղել են վերևի սարում մի 20 րոպե, էլ չկան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Եղցահող համայնքի բնակիչ Էդվարդ Եդիգարյանը:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Արցախում լարվածության օջախներից մեկը Եղցահողն է: Մեզ հետ զրույցում, սակայն, Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը վստահեցրել էր՝ գյուղում կրակոցներ չեն եղել. ադրբեջանցիներն իրենց դիրքերն են ամրացրել իրենց վարչական տարածքում:
Այսօր արդեն մեզ հետ զրույցում Եղցահողից Էդվարդ Եդիգարյանը նշեց, որ մի քանի օր է, ինչ ադրբեջանցիներն իրենց դիրքերն են ամրացրել գյուղին շատ մոտ տարածքում՝ վերահսկում են մեքենայի ճանապարհը:
«Մեր ղեկավարությունը, ճիշտ է՝ ասում են, թե ոչ մի բան չեն անի, բայց ես, արդեն երրորդ-չորրորդ կռիվն է, որ տեսել եմ. ես ուղղակի խնդրում եմ՝ էդ հարցին շուտ լուծում տան, էդ ճանապարհի բերանից իրենց հանեն-տանեն որտեղ պետք է՝ կանգնեցնեն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի քանի ալիքներ օգոստոսի 3-ին հայտնել էին, որ մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում, որ լարված իրավիճակ է Եղցահող գյուղի ուղղությամբ:
Ավելի ուշ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, 8 վիրավոր։