
Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծացել է

Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։
Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Transparency International Georgia-ն ներկայացրել է նոր ուսումնասիրություն՝ «Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ազդեցությունը»:
Ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-հունիսին Վրաստանի եկամուտը Ռուսաստանից կազմել է 1,2 միլիարդ դոլար, հիմնականում՝ տրանսֆերտների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, ինչը 2,5 անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։
ՀԿ-ն ուսումնասիրել է Վրաստանի ՌԴ-ից տնտեսական կախվածության խնդիրները, քանի որ այն վտանգ է ներկայացնում երկրի համար, մասնավորապես՝ վերլուծել է Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները, Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, տրանսֆերտները, ներդրումները և այլն։
Տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարիների համեմատ ավելանում է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից», — ասվում է TI-ի ուսումնասիրության մեջ։