Երկիրը խմած-թռածները
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության՝ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն է Արցախում տիրող իրավիճակի մասին:
Արդեն երրորդ օրն է՝ անհանգիստ է Արցախում, նախ Գանձասարում, ապա Եղցահողում, այսօր նաև՝ Բերձորում ու Լաչինի միջանցքի հատվածում: Ըստ էության ընթացող ծանր մարտերում որոշվում է Մայր Հայաստանն Արցախին կապելու այն բարակ երակի լինելիության հարցը: Արցախի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության հարցը:
Հայաստանում, սակայն, երկրի ղեկին հայտնված անձը, հսկայաքանակ թիկնազորով հանդերձ, անորոշ ժամկետով արձակուրդում է, որի գնալն իմացանք, գալն այդպես էլ՝ ոչ:
Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության դե յուրե ղեկավարն այս ծայրահեղ լարված իրավիճակում իր հանգիստն է վայելում, կինն էլ, ով պատերազմի ժամանակ ռազմական բունկերում՝ հրամանատարական կետում մարտ էր ղեկավարում, տարատեսակ լուսանկարներ է հրապարակում Հայաստանի այս կամ այն վայրում իր անհոգ հանգստից: Հիշեցնենք, մինչ այդ էլ նա թանկարժեք և կասկածելի վոյաժների մեջ էր Նիցցա-Մոնակո-Ցյուրիխներում:
Հուլիսի 31-ին Վայոց Ձորի մարզից մի լուսանկար չվրիպեց մեր ուշադրությունից: Աննա Հակոբյանը Old Bridge Winery, Bed & Breakfast-ում գինի է վայելում՝ հընթացս գովազդելով հանգստավայրն էլ, գինին էլ:
Եվ քանի որ նա ոչինչ հենց այնպես չի անում, մնում է հասկանալ՝ ո՞ւմ բիզնեսն է գովազդում Աննա Հակոբյանը և ինչո՞ւ:
Բայց հուլիսի 31-ին հրապարակված առաջին լուսանկարը, այնուամենայնիվ, Արցախում, շփման գծում տեղի ունեցող լարված այս իրավիճակը, ադրբեջանական ագրեսիան հաշվի առնելով, բավականին խորհրդանշական էր:
Գինու գավաթի մեջ հեռվում երևացող հայոց եռագույնն է, որին ինչ-որ ուղղաթիռ է մոտենում: Գավաթի տակ մնացել է մի փոքր գինի, շատ քիչ:
Շատ խոսուն նկար է՝ Հայաստանը՝ գավաթի մեջ, ու մնացել է մի քիչ…Այդպես խմեցին ու կերան երկիրը, ու վերջնակետին մնացել է մի քիչ, շատ քիչ…
Մեկ ամիս առաջ էլ իր սիրելի Էրատո թագուհու պատկերով մատանիով լուսանկար էր հրապարակել Աննա Հակոբյանը: Այն Էրատոյի, ում անունով կանանց ջոկատ էր ստեղծել ու գնացել հայրենիքը պաշտպանելու, իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր…
Ի դեպ, 44-օրյա պատերազմի դաժան և նվաստացուցիչ պարտությունից, կորուստներից հետո մինչ օրս այդպես էլ ԱԱԾ-ն և մյուսները չպարզաբանեցին՝ ո՞վ էր, այնուամենայնիվ, Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի ոմն Գայանեն և ի՞նչ կապ ուներ նա թուրքերի հետ, Աբխազիայում թուրքերի հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է եղել։
Հիշեցնենք՝ Էրատոն հայոց արքայատոհմերի ամենաանփառունակ թագուհին էր, հայոց գահը ժառանգել էր եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ: Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։
Այսինքն՝ Էրատոն այն հայոց թագուհին էր, ով վտանգի պահին փախավ՝ երկիրը թողնելով թշնամիների ու բախտի քմահաճույքին:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. ամուսիններով փախել, հանգստանում են՝ մինչ իրենց սիրած կառուցողական հարևաններն ասպատակում են Հայոց աշխարհը, մինչդեռ կար ժամանակ, երբ Աննա Հակոբյանն անգամ իր որդուն էր «պատրաստ» մատաղ անել հայոց հողին… Դա էին պահանջում պոպուլիզմի, ավանտյուրայի կանոնները… Հետո նույն կանոնների համաձայն՝ ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, որդուն պատրաստվում էր փոխանակել մեր ռազմագերիների հետ…
Հիմա թքած ունեն երկրի էլ, Արցախի էլ, ռազմագերիների վրա էլ… Մարդիկ կյանքն են վայելում, իսկ հայ ժողովուրդը՝ այս զույգի պայմանավորվածությունների արդյունքները: