«Խոսքը Բերձորի մասին չէ, կոնկրետ չեմ կարող ասել, թե մարտերը որտեղ են ընթանում, Բերձորի միջանցքը բաց է». Բերձորի քաղաքապետ

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ մարտերը Բերձորի միջանցքում չեն ընթանում, միջանցքը բնականոն աշխատում է։

«Ես ամբողջ լրատվական դաշտն իրար կապող գործիք չունեմ, որ այս պահին Բերձորից ուղիղ եթեր անեմ ու ցույց տամ, որ այստեղ մարտեր չեն ընթանում։ Խոսքը Բերձորի մասին չէ։ Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե մարտերը որտեղ են ընթանում, խոսվում է Եղծահողի մասին, որը Բերձորից 15 կիլոմետրից ավելի հեռու է, անգամ այդ հեռավորության վրա, մեզ համար լսելի որևէ կրակոցի ձայն չկա։ Ինքս այս պահին Բերձորում եմ, ասեմ ավելին՝ ո՛չ տեսանելի, ո՛չ լսելի ինչ-որ մարտեր չեն ընթանում գոնե Բերձորի շուրջ։ Բերձորի միջանցքը բաց է, առավոտյան գնացել եմ Ստեփանակերտ, աշխատանքներս ավարտել եմ,  նոր եմ վերադարձել Բերձոր, միջանցքը գործում է, տրանսպորտային միջոցներն անխափան երթևեկում են առանց արգելքի»,- նշեց Բերձորի քաղաքապետը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Բերձորի միջանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ու քաղաքացիների համար։

«Եթե այսօր Ստեփանակերտ գնացած-վերադարձած չլինեի, գուցե որոշ բաներ կասկածեի, բայց ինքս գնացել եմ Ստեփանակերտ, բոլոր մեքենաները կարողանում են մտնել Արցախ։ Բերձորում որևէ արտառոց բան չկա, մարտեր չեն ընթանում, նման բան չի եղել նոյեմբերի 9-ից սկսած։ Հնարավոր է՝ Եղծահողում կամ Եղծահողից դեպի Լիսագոր ընկած հատվածում գործողություններ կան, բայց այդ հատվածների վերաբերյալ որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտոնական տեղեկատվություն տարածեց՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Այնուհետև ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, ևս 8 զինծառայող վիրավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս