Մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող․ ևս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ․ Արցախի ՊՆ
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ–ից՝ նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի ՊՆ–ից հայտնել էին, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
«Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։