Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն անդրադարձել է Անկարա-Աթենք լարվածությանը
Հուլիսի 29-ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն այցելելու է Թուրքիա։ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ նա Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիա է ժամանելու Աթենքից։ Նա երեկ Հունաստանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Միցոտակիսի և արտգործնախարար Դենդիասի հետ։
Հունաստան և Թուրքիա իր եռօրյա այցից առաջ Բերբոքն անդրադարձել է երկու երկրների միջև լարվածությանը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Աթենքի և Անկարայի միջև խնդիրները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև ռազմական սպառնալիքները թույլատրելի չեն։
Գերմանիայի արտգործնախարարը գնահատել է Անկարայի միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Իսկ իր՝ Թուրքիա այցի վերաբերյալ նշել է, որ քննարկելու են այն հարցերը, որոնց հետ կապված ունեն հիմնարար տարաձայնություններ։ Նա որպես այդպիսիք շեշտել է Թուրքիայի հնարավոր ռազմագործողությունը Սիրիայում, մարդու իրավունքները և այլն։
Նշելով, որ Գերմանիան պետք է զարգացնի համագործակցության ոլորտները Թուրքիայի հետ՝ Բերբոքն ընդգծել է․ «Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել, և մեզ մոտ երկիր է։ Երկու երկրների ժողովուրդներն էլ մեկ համատեղ սիրտ ունեն։ Այդ իսկ պատճառով էլ ինձ համար կարևոր է, որ քաղաքականապես նույնպես էլ ավելի շատ չհեռանանք միմյանցից»։