«Այս պահին կրակոցներ չկան, մերոնց համապատասխան քայլերի արդյունքում ձայները կտրել են». Թաղավարդի գյուղապետ
Այսօր ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել են Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից։
Ըստ ոստիկանության՝ տուժածներ չկան, իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
168.am-ի հետ զրույցում Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն ասաց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ կրակ չէր արձակել, սակայն այսօր ակտիվացել էր։
«Շատ բաներ չեմ կարող հեռախոսով ասել, այս պահին կրակոցներ չկան։ Մի քանի անգամ կրակել են մեր ուղղությամբ, մերոնց համապատասխան քայլերի արդյունքում ձայները կտրել են։ Տուժածներ չկան, միայն այսքանը կարող եմ ասել, մնացածն արդեն հեռախոսով ասելու չէ»,- նշեց Օլեգ Հարությունյանը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն ակտիվ կրակոցներ էր արձակում Թաղավարդի ուղղությամբ հատկապես այս տարվա մարտի սկզբներին, նպատակն էր՝ բնակիչներին ահաբեկելով դուրս հանել գյուղից:
Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը բաժանվել է երկու մասի, գյուղի մի հատվածը մնացել է Ադրբեջանի զինվորների հսկողության տակ, մյուս հատվածը՝ հայկական։ Գյուղի գերեզմանոցը մնացել է այն հատվածում, որի վերահսկողությունն անցել է ադրբեջանցիներին։