Ոստիկանությունը ներկայացրել է անձնագրային և վիզաների վարչության սպասարկման 2022-ի և 2021-ի համեմատական ցուցանիշները
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով՝ մեծ հերթերի պայմաններում, որը մի շարք գործոնների միաժամանակյա առկայության պատճառ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Չանդրադառնալով հերթերի կոնկրետ պատճառներին, քանի որ մի քանի անգամ արդեն զանգվածային լրատվամիջոցներով տրվել է պարզաբանում այդ մասին, ստորև ներկայացվում է 2022թ-ի կատարված որոշ գործարքների համեմատական վերլուծություն նախորդ տարվա հետ, որը ցույց է տալիս այս տարվա առանձնահատկությունները թվային տվյալների տեսքով։
Գործողության տեսակը 01.06.2021-19.07.2021 01.06.2022-19.07.2022 Տարբերություն
Հին նմուշի անձնագիր 69446 81707 +12261
Նույնականացման քարտ 11099 32745 +21646
Կենսաչափական անձնագիր 1544 3501 +1957
Օտարերկրյա պետությունում վավերականացման ժամկետի նշում 65765 75183 +9418
Հաշվառում 28635 35354 +6719 ՀԾՀ 28638 105599 +76961
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում 1191 3759 +2568
Ընդամենը 206318 337848 +131.530
Վերոգրյալ ցուցանիշները փաստում են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կատարվել է շուրջ 131.530 գործարք ավելի կամ այդքան անձ ավել է սպասարկվել ու գտնվել հերթում։
Վերը նշվածը հաշվի առնելով, կրկին հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ անձնագիր ստանալու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումներ կատարելու գործողությունները իրականացնել նախապես և ըստ անհրաժեշտության, անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, քանի որ մի քաղաքացու կողմից մի քանի կտրոն ստանալու և միայն մեկն օգտագործելու դեպքում մնացած կտրողնների չեղարկումը հետագայում լրացուցիչ ժամանակ է պահանջում, այն պարագայում, երբ այդ ժամանակահատվածում կարող է մեկ այլ քաղաքացի սպասարկվել, խնդրում ենք քաղաքացիներին ստանալ հերթի կտրոն՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի հնարավոր լինի ժամանակն օգտագործել օպտիմալ՝ այդ ընթացքում ավելի մեծ թվով անձանց սպասարկելու համար»,- ասվում է պարզաբանման մեջ։
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է հայրենակիցների ներողամտությունը և համբերատարությունը, քանի որ վարչությունը իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար բոլոր դիմումատուների պատշաճ սպասարկումը։