Բաժիններ՝

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ղազավանի միջադեպի 2 մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են  ՀՀ քննչական կոմիտեից։

«Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի: Համայնքի տներից մեկի բակում 27-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու ձեռքից հրացանը վերցնելու ընթացքում կրակոց է արձակվել, ինչի հետևանքով նշված տան բնակիչներ՝ 52-ամյա կինը և վերջինիս 27-ամյա որդին, ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ, ինչը պատճառ է հանդիսացել 52-ամյա կնոջ մյուս՝ 29-ամյա որդու` վերոհիշյալ անձանց հետ վիճաբանելու համար, որի ընթացքում էլ վերջինս ևս ստացել է վնասվածքներ:

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 52-ամյա կնոջ և վերջինիս 27 ու 29-ամյա որդիների՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։45-03:00-ի սահմաններում:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ անձանց՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը:

Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող «ԻԺ-43» մոդելի որսորդական հրացանը, վերցվել են նմուշներ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից Ղազարավան համայնքի 27-ամյա և 26-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս