ՊՆ-ն կա՛մ թաքցնում է, կա՛մ 8 օր ուշացումով է տեղեկացնում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
Նշվում է, որ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, և, որ պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:
Պաշտպանության նախարարությունը ոչ միայն դեպքից 8 օր հետո է հաղորդագրություն տարածում, ըստ էության, պայմանավորված զինվորի վիճակի ծայրահեղ ծանր լինելով, այլև չի նշում ժամկետային զինծառայողի ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, ինչը, որպես կանոն, պետք է արվի:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանի դեպքում ՊՆ-ն այդպես էլ հաղորդագրություն չտարածեց:
Նշենք, որ հունիսի 19-ին՝ կիրակի օրը, մամուլում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը նախորդ օրը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։