Նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ
Մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ էապես նվազել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դիմորդների թիվը։ Եվ ահա հրապարակվեցին բակալավրիատի առկա համակարգի քննությունների արդյունքները, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը։ Որոշ մասնագիտությունների գծով արձանագրվել են անհավանական վատ արդյունքներ։ Օրինակ՝ նշել էինք, որ Կենսաբանություն մասնագիտությունը բնագիտական առարկաների շարքում ամենալավ վիճակում է, քանի որ կա 15 դիմորդ։ Քննությունների արդյունքում բոլոր 15 դիմորդներն անբավարար են ստացել։ Նույնպիսի արդյունքներ են արձանագրել նաև Աշխարհագրություն, Ինֆորմատիկա, Քիմիա մասնագիտությունների դիմորդները։ Բոլորն անբավարար են ստացել։
Ընդամենը 1 դիմորդ ընդունվել է Ֆիզիկա մասնագիտությամբ, 6 հոգի էլ՝ Մաթեմատիկա մասնագիտությամբ։ Այսպիսով, բնագիտական 6 մասնագիտություններից 4-ում ոչ ոք չի ընդունվել։ Ներկայումս ընթանում է լրացուցիչ մրցույթ թափուր տեղերի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՊՀ Կենսաբանության, Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետներում անգամ պետպատվերով տեղեր են թափուր մնացել, որևէ հույս չկա, որ Մանկավարժականի այս մասնագիտություններում ընդունվողներ կլինեն։ Միակ հույսն Ինֆորմատիկան է։ Սակայն այստեղ էլ հույսերն աննշան են։
Այսպիսով, Մանկավարժական համալսարանի բնագիտական ֆակուլտետներ ընդունվել է ընդամենը 7 հոգի։ Սա նշանակում է, որ բուհը հայտնվելու է ֆինանսական ծանր իրավիճակում։ Նվազելու են դասախոսների ժամերը, իսկ դպրոցները հայտնվելու են ուսուցիչ չունենալու վտանգի առջև։
Մյուս ֆակուլտետներում էլ իրավիճակը բարվոք չէ։ Օրինակ՝ Տարրական մանկավարժության գծով ընդունվել է շուրջ 40 հոգի։ Հայաստանին տարեկան անհրաժեշտ է մոտ 150 դասվար։ Հասարակագիտության բաժին ընդունվել է 4 հոգի, Պատմության բաժին՝ 17, Հայոց լեզու և գրականություն՝ 30, Անգլերեն՝ 28, Ռուսերեն՝ 10, Գերմաներեն՝ 3։ Ընդ որում, մանկավարժական համալսարան ընդունվելը դեռևս չի նշանակում, որ այս մարդիկ ուզում են դպրոցի ուսուցիչ դառնալ։
Իրավիճակի պարադոքսն այն է, որ Հայաստանի բուհերում հատկապես վատ վիճակում են գիտությունների և մանկավարժության ընդունելությունը, այսինքն՝ այն երկու ոլորտները, որոնց վրա կառուցվում է դպրոցը։ Մենք 12 տարի դպրոցներում գիտություններ ենք սովորեցնում, մանկավարժական աշխատանք կատարում։ Բայց երեխաները հենց գիտություն ու մանկավարժություն չեն ուզում սովորել։
Նման իրավիճակին նպաստեց նաև այն, որ այս տարի կառավարությունը որոշեց բուհերում սահմանել առնվազն երկու քննություն, ինչը, բնականաբար, անակնկալ էր Մանկավարժականի դիմորդների համար։ Ճիշտ կլինի նման որոշումներն ավելի վաղ կայացնել։ Հիմա էլ նախարարությունը քննարկման է դրել հեռակա բաժնի քննությունները կենտրոնացված անցկացնելու կարգը։ Սա էլ կարող է բերել հեռակա բաժնի ուսանողների թվի նվազման։ Եթե բնագիտական ֆակուլտետների կտրված դիմորդները հեռակա էլ չկարողանան ընդունվել, ապա Մանկավարժական համալսարանը հայտնվելու է ֆինանսական լրջագույն խնդիրների առջև։
Ամեն դեպքում, արդեն հասկանալի է, որ նոր սերնդի ներկայացուցիչների շատ մեծ մասը չեն ցանկանում մանկավարժ դառնալ։ Ցանկացողների զգալի մասն էլ չի կարողանում նվազագույն դրական թվանշան ստանալ։ Այս իրավիճակում նախարարությունը պետք է սցենարներ մշակի, թե ինչպես է լուծելու մանկավարժների խնդիրը։ 4 տարի հետո Մանկավարժական համալսարանի առկա բաժինը դպրոցական բոլոր առարկաների գծով ունենալու է 100-150 շրջանավարտ, որոնց մի մասը դպրոց չի գնալու։
Տարբերակներից մեկն այն է, որ նախարարությունը պետք է դպրոցական բոլոր առարկաների գծով մշակի պարզ, մատչելի, բարձրակարգ տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ, որոնց միջոցով ուսուցիչ չունեցող աշակերտները ոչ մասնագետի ուղղորդմամբ կարողանան ինքնուրույն սովորել։ Այս տարբերակը հնարավորություն կտա փրկել ընդունակ երեխաներին։ Բայց այն կարող է չաշխատել սովորելու ցանկություն չունեցող երեխաների համար։
Մյուս լուծումն այն է, որ նախարարությունը կարող է գնալ դպրոցների խոշորացման։ Եթե ուսուցիչների պակաս լինի, ապա պետք է միավորել փոքր դպրոցները, որպեսզի ուսուցիչների բացը լրացվի։ Ակնհայտ է, որ այն փոքր գյուղական դպրոցները, որոնց Ֆիզիկայի, Քիմիայի, Կենսաբանության, Աշխարհագրության ուսուցիչներն առաջիկայում հեռանան դպրոցից կամ կենսաթոշակի անցնեն, որևէ շանս չունեն փոխարինող գտնելու։
Հաջորդ տարբերակն այն է, որ նախարարությունը պետք է խնդրի մասնավոր ընկերություններին իրենց աշխատակիցներին որոշ ժամանակով (1-2 տարի) գործուղել դպրոցներ դասավանդելու՝ պահպանելով նրանց աշխատավարձը։ Կարևոր է «Դասավանդիր Հայաստան» կազմակերպությանն աջակցելը, քանի որ այս կազմակերպությունը կարողանում է այլ ոլորտներից մարդկանց 2 տարով բերել դպրոց։ Եվ եթե հաջողվի ավելի մեծ թվով մարդկանց բերել, ապա դպրոցները կշահեն։
Կարելի է նաև մտածել թոշակի անցած զինվորականներին, ոստիկաններին դպրոցներ բերելու ուղղությամբ։ Նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ինչ-որ դպրոցական առարկայից հակումներ ունենան։ Այս ձևով նաև հնարավոր կլինի դպրոցներ բերել տղամարդ ուսուցիչների։
Պետք է կտրուկ մեծացնել ուսուցիչներին տրվող արտոնությունները։ Քանի որ մենք տարիներ շարունակ անտեսել ենք ուսուցիչներին, հիմա փրկության միակ ձևը նրանց թանկ վճարելն է։ Առանց չափազանցության, Քիմիայի, Ֆիզիկայի, Աշխարհագրության, Կենսաբանության ուսուցիչներն արդեն մտնում են մանկավարժության «Կարմիր գիրք»։