Աստանայի եռյակի բանակցությունները՝ Թեհրանում. ի՞նչ սպասել Հարավային Կովկասում, ու հատկապես՝ Հայաստանում
Նախօրեին Թեհրանում կայացան Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ հանդիպումներն «Աստանայի ձևաչափով»:
Այս ձևաչափով հանդիպումները երբեք այսքան մոտ չէին եղել Հայաստանի ունեցած արտաքին քաղաքական խնդիրներին, ու հետևաբար՝ նաև Աստանայի ձևաչափով հանդիպումը և երկկողմ հանդիպումները վերաբերեցին նաև Հարավային Կովկասին ու Հայաստանին:
Մինչ երկկողմ և բազմակողմ հանդիպումները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով երկու ղեկավարների հետ զրույցում անդրադարձավ թե Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների աշխարհաքաղաքական շերտերին, թե Սիրիայի Հյուսիսում Թուրքիայի հայտարարած ռազմական գործողությանը, թե տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիությանը, թե հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության կարևորությանը:
Ի դեպ, վերջին դիրքորոշման մասին Խամենեին նշեց և Պուտինի, և Էրդողանի հետ հանդիպմանը՝ նշելով.
«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»:
Պուտին-Խամենեի հանդիպումն ուշագրավ էր նաև աշխարհաքաղաքական գործընթացների հարցում ՌԴ-Իրան տեսլականների բացահայտման հարցում: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին՝ հակամարտության սրման ողջ մեղքը բարդելով ՆԱՏՕ-ի վրա։ «Եթե դուք ձեր ձեռքը չվերցնեիք նախաձեռնությունը, ապա մյուս կողմը սեփական նախաձեռնությամբ կսկսեր պատերազմը»,- հանդիպման ժամանակ հայտարարեց Խամենեին։ Չնայած Խամենեի-Պուտին հանդիպման դրական տոնին, Խամենեի-Էրդողան հանդիպմանը գերակշռեցին թուրքական կողմին ուղղված զգուշացումները:
Մինչ եռակողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թեհրանում՝ Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակում, առանձին հանդիպում ունեցան և քննարկեցին սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի ու երկկողմ օրակարգի հարցերը: «Շատ հարցեր կան նաև սիրիական կարգավորման վերաբերյալ, հեռանկարային խոշոր երկկողմ նախագծերը շարժվում են, զարգանում են։ Մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ, «նա ջերմորեն ողջունում է ձեզ»:
Ի դեպ, Ալիևի ողջույնը Պուտինի միջոցով ամենաակտիվ քննարկվող հարցերից մեկն է: «Մենք մեծ օրակարգ ունենք»,- ասել է Պուտինը:
«Աստանայի եռյակի» հանդիպումն ընթանում էր Ուկրաինայում ՌԴ-Արևմուտք պրոքսի պատերազմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա կատարած այցի, Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում հայտարարած հատուկ օպերացիայի, Հայաստան ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի և ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցերի ֆոնին:
Եռակողմ բանակցություններից հետո տարածաշրջանային տերությունների ղեկավարները 16 կետից բաղկացած հայտարարություն տարածեցին՝ մերձավորարևելյան թեմատիկայի շեշտադրումներով: Միայն 13-րդ կետում ասվում էր. «Բացի սիրիական խնդրից, մենք վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ամրապնդել եռակողմ համակարգումը տարբեր ոլորտներում՝ համատեղ քաղաքական և տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով»։
Թեհրանի բանակցություններին այս անգամ Հարավային Կովկասում ավելի մեծ ուշադրությամբ են հետևել:
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Թեհրանի հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը, բնականաբար, պայմանավորված էր աշխարհում ստեղծված իրավիճակով և միջազգային լարված հարաբերություններով:
Ըստ նրա, Թեհրանի հանդիպման երեք մասնակիցներն էլ տարբեր խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ:
«Թերևս, այդ տեսանկյունից ամենալավ դիրքում Թուրքիան է: Իսկ ՌԴ-ն ու Իրանն այս անգամ դիրքորոշումների նույնականություն ցուցադրեցին ամենակարևոր ուկրաինական ուղղությամբ: Ամերիկյան կողմի սուր հայտարարություններին, փաստորեն, Իրանը որոշել է հակահարված տալ, սակայն դա կարող է այնքան խորանալ, որ ազդեցություն լինի միջուկային բանակցությունների վրա, որոնք պետք են թե Նահանգներին, թե Իրանին: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանն ու ՌԴ-ն հստակ ուղերձներ հղեցին կրկին, որ դեմ են Սիրիայի հյուսիսում նոր գործողությանը, թեև այս առումով թուրքական կողմը հաստատակամություն է ցուցաբերում: Հարավային Կովկասի համար այս բանակցությունները հետաքրքրական էին նրանով, որ Աստանայի ձևաչափը Հարավային Կովկասում կվերածվի «3+2»-ի կամ, ինչպես ռուսական կողմն է ցանկանում առաջ մղել, վեցակողմ ձևաչափի, որի շրջանակում Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կցանկանան քննարկել տարածաշրջանի բոլոր հարցերը: Այս հանդիպմանն արձանագրվեց այդ հեռանկարը:
Բացի սա, Իրանի հոգևոր առաջնորդի անդրադարձը հայ-իրանական սահմանին նման մակարդակով նման ձևաչափերում առաջին անգամ հնչած ուղերձ էր իրանական կողմից, որն Իրանին դարձնում է որոշակի իմաստով խաղացող Հարավային Կովկասում, քանի որ անտեսել նրան չի կարելի»,- ասաց Գոգոլաշվիլին:
Սակայն, գլոբալ առումով, ըստ նրա, կար այս ամենում հակաարևմտյան բաղադրիչ:
«Այսինքն՝ ցանկություն՝ ԱՄՆ-ին «դուրս բերել» Մերձավոր Արևելքից, հետագայում թուլացնել նաև Հարավային Կովկասում: Իրանը պարբերաբար հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին: Արևմուտքը, ինչպես տեսնում ենք, ակտիվացել է Հարավային Կովկասում, ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն է այցով գալիս, ինչն աննախադեպ քաղաքական այց կարելի է համարել, սա արտացոլում է տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ մեծ ուշադրությունը ու տարածաշրջանի կարևորությունն ԱՄՆ-ի ու ընդհանուր առմամբ Արևմուտքի համար աշխարհաքաղաքական ներկայիս պայքարի ընթացքում:
Այս հանգամանքն է՛լ ավելի է սրում Հարավային Կովկասում ավանդական խաղացողների ու Արևմուտքի պայքարը: Առաջիկայում շարունակելու են այդ դրսևորումների ականատեսը լինել: Վրաստանի համար շատ բան չի փոխվել, Վրաստանը Ռուսաստանի հետ չի համագործակցում, սակայն իր դաշնակիցների ու գործընկերների հետ շարունակում է արդյունավետ համագործակցել:
Կարծում եմ՝ շատ կարևոր ուղերձ էր նաև այն, որ արևմտյան նախաձեռնությամբ նախարարական՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կազմակերպվեց Թբիլիսիում: Սա նաև ուղերձ էր Արևմուտքի կողմից տարածաշրջանային ուժերին»,- ասաց վրացի վերլուծաբանը:
Նա նշեց, որ տարածաշրջանում ամենակարևոր իրադարձությունները դեռ առջևում են:
«Առաջինը՝ ուշագրավ կլինի տեսնել՝ արդյոք Թուրքիան կիրականացնի՞ հատուկ օպերացիա Սիրիայի հյուսիսում, և ինչպե՞ս կընթանան Հայաստան-Ադրբեջան տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման գործընթացները, հայ-թուրքական բանակցությունները, որքանո՞վ կհաջողվի խուսափել լարում առաջացնող դիրքորոշումներից, և ո՞վ կշարունակի լինել միջնորդ, քանի որ Արևմուտքը, Ռուսաստանը շարունակում են պայքարել դրա համար: Այս պահին արձանագրելի է, որ կա մեծ լարվածություն, աշխարհաքաղաքական մրցակցություն գեոպոլիտիկ և տարածաշրջանային մակարդակներում ու լուծման ենթակա ծանր հարցեր»,- ասաց նա: