Գործողությունների ազատություն. ինչ անել, երբ միայնակ եք
«Լինել միայնակ՝ նշանակում է լինել ինքդ քեզ հետ, քանի որ միայն այդ դեպքում դու կարող ես ազատորեն զարգանալ՝ առանց որևէ մեկին նայելու: Լիակատար մենությունը հազվագյուտ վիճակ է, իսկ դրան դիմանալու կարողությունն էլ ավելի հազվադեպ է։ Ես միշտ նախանձել եմ մարդկանց, ովքեր ունեն ինքնաբավություն. միայն դա է անկախություն տալիս։ Բոլորը պնդում են, որ ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից։ Ամեն ինչից շատ մարդիկ վախենում են մենությունից։ Մնալով մենակ մի քանի րոպե՝ նրանք փնտրում են ընկերակցություն՝ ցանկացած, միայն թե դատարկությունը լրացնեն։ Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մենակ ես մնում մտքերիս հետ՝ տանելով անվերջ ներքին մենախոսություն։ Չէ՞ որ այդ դեպքում պետք է սիրել սեփական ընկերակցությունը։ Բայց այստեղ նաև առավելություն կա. պետք չէ քեզ կոտրել՝ ուրիշների գաղափարներին հարմարվելու կամ պարզապես նրանց հաճոյանալու համար».
Ֆեդերիկո Ֆելլինի
Միայնակ լինելը նոր հնարավորությունների լավ առիթ է: Ինչպես մեծն իտալացի կինոռեժիսորն է ասում՝ մի վախեցեք սեփական ընկերակցությունից, փորձեք վայելել այն և արեք այս 4 գործողությունները, որոնք մենությունը կդարձնեն Ձեր սիրելի վիճակը:
Մի շտապեք զուգընկեր գտնել
Վայելեք ինքներդ Ձեզ: Դարձեք ավելի ինքնուրույն և փորձեք միայնակ վայելել կյանքը: Առնվազն երեք ամիս նվիրեք ինքնաճանաչմանը, միայնակ ապրեք և ամեն ինչ միայնակ արեք՝ մարզումներից մինչև սննդի ընդունում և հանգիստ. Դուք արժանի եք առողջարար այդ դադարին:
Ճամփորդեք միայնակ
Զուգընկեր ունենալը հաճելի է, բայց երբևէ փորձե՞լ եք միայնակ ճամփորդել: Ընտրեք ուղղություն, որի մասին միշտ երազել եք, հավաքեք ճամպրուկը և մեկնեք: Ծանոթացեք նոր մարդկանց, նոր մշակույթի հետ, փորձեք նոր ուտեստներ և նոր լիցքերով վերադարձեք ինքնաճանաչման ընթացքին:
Գտեք ինքներդ Ձեզ
Առողջ հարաբերություններ կառուցելու համար նախ պետք է բացահայտել սեփական «ես»-ը: Ժամանակ հատկացրեք Ձեր մեջ նոր տաղանդներ բացահայտելուն. յոգա, հայքինգ, ջազ, պարեր և նկարչություն:
Հոգեբանի մոտ այցելությունը, վստահաբար, ավելորդ չի լինի: Մասնագետի հետ զրույցները կօգնեն հասկանալ՝ ինչպես եք ցանկանում անցնել կյանքի արկածների միջով:
Շատ ժամանակ անցկացրեք ընկերների հետ
Ինչպես Ֆիբի Բուֆեյն է ասում՝ «Զուգընկերները կգան ու կգնան, բայց ընկերները հավերժ են»: Շատ ժամանակ անցկացրեք ընկերների հետ: Միասին այցելեք մշակութային վայրեր, սրճարաններ, թեմատիկ երեկույթներ և կինոմարաթոններ կազմակերպեք: Սառը գինին և սրտագին զրույցները դրական էմոցիաներ կհաղորդեն:
Անի Գաբուզյան