«Մի կողմից Ալիևը սպառնում է, մյուս կողմից՝ արտգործնախարարին ուղարկում է բանակցությունների». վրացագետ
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հայաստանի արտաքին գերատեսչությունից հայտնել էին՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման, հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման, անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարևորում է նման հանդիպումները՝ առաջնորդվելով «քանի դեռ կա դիվանագիտություն, չկա պատերազմ» սկզբունքով:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ կոնֆլիկտը լուծված չէ. Բաքվում թեև հակառակն են մտածում, բայց իրականությունն այդպես չէ:
Երբ վերլուծում ենք հայտարարությունները, տեսնում ենք դիամետրալ տարբեր մոտեցումներ. մեր կողմը շեշտում է հումանիտար հարցերը, կոնֆլիկտի լուծման, Մինսկի խմբի մասին, սակայն դրան հակառակ մոտեցումը կա Բաքվում, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ Բաքուն չի հրաժարվել մաքսիմալիստական մոտեցումներից: Այդուհանդերձ, զարմանալիորեն հատկապես երկկողմ հանդիպումների հանդեպ երևում է նրանց շահագրգռությունը»,- 168.am-ի հետ զրույցում հանդիպմանն անդրադառնալով՝ նշեց վրացագետը:
Հանդիպման վայր Վրաստանին անդրադառնալով՝ Ջոնի Մելիքյանը հիշեցրեց, որ պատերազմից հետո առաջին հումանիտար փոխանակումը տեղի ունեցավ հենց այդ երկրի միջնորդությամբ:
Նա նկատեց, որ վրացական կողմի միջնորդությունը ձեռնտու է Վրաստանին, որովհետև վրացական իշխանությունները կարողացան կապիտալիզացնել այս ամենը և՛ ներքին սպառման համար, և՛ ցույց տալու արտաքին գործընկերներին, որ իրենք գործոն են տարածաշրջանում ու իրենց ներդրումն ունեն կայունության մեջ: Այս համատեքստում հիշեցնելով միջազգային և հատկապես ԱՄՆ-ից հնչող արձագանքների մասին՝ վրացագետն արձանագրեց, որ դրանք ցույց են տալիս այս հարցում Միացյալ Նահանգների աջակցությունը Թբիլիսիին:
Ըստ նրա, սակայն, դեռ վաղ է կոնկրետ արդյունքներ ակնկալել հանդիպումներից, քանի որ կարևոր է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը. «Ուկրաինական ճգնաժամում լարված փուլը եթե փոխարինվի այլ փուլի, երբ միջնակյալ արդյունքներ կֆիքսվեն, դրան անպայման կազդեն նաև մեր տարածաշրջանի վրա»:
Ջոնի Մելիքյանը հավելեց՝ մեր տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումը կակտիվացնի Բաքվի ռևանշիստական նկրտումները, որոնք այս պահին դեռևս սահմանափակվում են կարմիր գծերը շոշափելով:
«Ստեղծված իրավիճակը լարված է, և այդպիսի բանակցությունները կարևոր են, որ թույլ են տալիս ցույց տալու բանակցային պրոցես և ոչ թե կենտրոնանալ սպառնալիքների վրա, ինչի ականատեսը հերթական անգամ եղանք անցյալ շաբաթ: Մի կողմից Ալիևը սպառնում է, մյուս կողմից՝ արտգործնախարարին ուղարկում է բանակցությունների. սա Բաքվի ձեռագիրն է: Այդ մաքսիմալիզմը կա, ինչը թույլ չի տա մոտ ապագայում շոշափելի արդյունքների հասնել»,- ամփոփեց փորձագետը:
Քանի որ ընդամենը վերջերս կրկին Վրաստանում հանդիպում էին ունեցել հայ և ադրբեջանցի անկախ փորձագետները, որին մասնակցել էր նաև Ջոնի Մելիքյանը, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ մաքսիմալիզմն առկա է նաև փորձագիտական մակարդակներում:
Վրացագետն ի պատասխան՝ մանրամասնեց. «Իրենք այս հարցերի շուրջ անձնական փորձագիտական մոտեցում չունեն, և անձինք, որոնք նման հանդիպումներին մասնակցում են, կա՛մ ցիտում են իշխանություններին, կա՛մ վերաձևակերպելով խոսում այն մասին, ինչը լսում ենք տարբեր ասուլիսների, ելույթների ժամանակ, երբ սպառնալիքներ, մաքսիմալիստական այլ մոտեցումներ են ներկայացվում Բաքում:
Բայց այս հանդիպումները կարևոր են, քանի որ մեր գործընկերների միջնորդությունը չենք մերժում՝ ցույց տալով, որ կառուցողական ենք և ցանկանում ենք, որ հարցերը լուծվեն այնպես, ինչպես պետք է լուծվեն, ու նաև՝ ինչ-որ չափով բացատրական աշխատանք կազմակերպելով հակառակ կողմի ներկայացուցիչների համար (բացատրելով, թե, օրինակ, նոյեմբերի 9-ի որ կետը ինչ է նշանակում, որ պետք չէ այլ կերպ հասկանալ և այլն)»: