Ռուս-իրանական համագործակցությունը խորանում է. ի՞նչ է դա նշանակում Հարավային Կովկասի ու Հայաստանի համար

Գլոբալ ու տարածաշրջանային հարթություններում ռուս-իրանական հարաբերություններում նոր խորություններ են նկատվում:

Ըստ մի շարք գնահատականների, ռուս-իրանական հարաբերությունները շրջադարձային փուլում են, և դա՝ Սիրիայում կառավարական ուժերին և նրանց աջակիցներին սատարելու վերջին տարիներին Ռուսաստանի կայացրած ռազմական և քաղաքական որոշումների շնորհիվ: ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հունվարին ՌԴ կատարած այցից հետո առաջիկա օրերին սպասվում է ՌԴ նախագահի այցն Իրան:

Իրանի Իսլամական Հանրապետությունում սպասվում են Պուտինի բանակցությունները ոչ միայն Ռայիսիի, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որոնք հատկապես ուշագրավ են ուկրաինական պատերազմի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հայտարարած գործողության մեկնարկի համատեքստում:

Ի դեպ, ուկրաինական պատերազմի ֆոնին սա Պուտինի առաջին օտարերկրյա այցերից մեկն է:

«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն էլ նշել էր, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք տեղափոխող ԱԹՍ-ներ:

Նրա խոսքով՝ Իրանը նաև նախատեսում է ռուսական ուժերին սովորեցնել կիրառել այդ անօդաչու սարքերը։ Սալիվանը նաև ասել էր, որ նման անօդաչու թռչող սարքերն ավելի վաղ Եմենի շարժման հուսիթ ապստամբների կողմից օգտագործվել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար:

«Մեր տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագացված կարգով Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, ներառյալ անօդաչու թռչող սարքեր՝ զենքի կրման հնարավորությամբ»,- ասել էր Սալիվանը։ Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է. Թեհրանը կբախվի Վաշինգտոնի ճնշմանը, եթե հրաժարվի վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այնուամենայնիվ իրավիճակին հետևող փորձագետներն առաջարկում են ԱԹՍ-ների վերաբերյալ տեղեկատվության հաստատմանը սպասել՝ հասկանալու համար, թե իրականում ինչպես է դիրքավորվում Իրանը, ինչը կարևոր տեղեկատվություն է նաև Հարավային Կովկասի ու Հայաստանի համար:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ սովորաբար նման մակարդակում շրջանառության մեջ դրված տեղեկությունները, կարելի է ասել՝ արդեն իրողություն են, պարզապես դրանում մենք գուցե համոզվենք մի որոշ ժամանակ անց, ինչպես պատահում է սովորաբար: Եթե հաստատվի, ապա, նրա խոսքով, դա կնշանակի, որ ականատես ենք լինելու ռուս-իրանական համագործակցության խորացման և Արևմուտքի հետ Ռուսաստանի ու Իրանի խնդիրների խորացման:

«Այս ֆոնին էապես կբարձրանա Արևմուտքի համար Թուրքիայի և Էրդողանի դերակատարությունը, հավելյալ հնարավորություններ ստեղծելով աշխարհում և ռեգիոնում Թուրքիայի համար։ Հետևաբար՝ սա կարող է նաև ինչ-որ կերպ անդրադառնալ Ադրբեջանի վրա: Նոր մարտահրավերներ կստեղծվեն Վրաստանի համար, որը պետք է կարողանա դիմակայել ռուս-իրանական սերտ համագործակցությանը՝ Արևմուտքի հետ իր ունեցած փոքր, բայց ոչ անէական խնդիրների հետ մեկտեղ: Հայաստանի համար նոր օրակարգեր չեն լինի, Արևմուտքը, իհարկե, ցանկանում է այդտեղ ռուսական ազդեցության չեզոքացում, դա չի փոխվելու, սակայն տարածաշրջանային նոր վերադասավորումներից Հայաստանն է՛լ ավելի շատ կազդվի, խոսքը և՛ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, և՛ Ռուսաստանի նոր դիրքավորումների մասին է: Ռուսաստանի և Իրանի միջև քիչ չեն եղել խնդիրները, սակայն Մերձավոր Արևելքում շահերը եղել են ավելի շատ, քան Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան մերձավորարևելյան եռյակ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա կազմ ներառվեց, որպեսզի նրան հնարավոր լինի ինչ-որ տեղ վերահսկել: Այս ամենին զուգահեռ՝ նրանք փորձում են այդ մոդելը կիրառել նաև Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի միջոցով:

Արևմուտքը պետք է փորձի Հարավային Կովկասում ինչ-որ մեկի վրա խաղադրույքներ անել՝ ամենայն հավանականությամբ Իրանի կամ Թուրքիայի, սակայն ներկայումս կարծես Իրանը դուրս է գալիս, մնում է Թուրքիան: Ինչպես տեսնում ենք, այս փուլում միտումներն այսպիսին են, ուղղությունները դանդաղ, բայց ուրվագծվում են, նոր իրողություններ են ստեղծվում նաև հարավկովկասյան երկրների համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս