Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կքննարկեն ուկրաինական հացահատիկի հարցը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։

Նախարարը հիշեցրել է, որ այդ ջանքերի շրջանակներում քննարկումներ է անցկացրել Ռուսաստանի Դաշնության գործընկեր Սերգեյ Շոյգուի և Ուկրաինայի Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Աքարը նաև նշել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ռուսական ռազմական պատվիրակության հետ, իսկ Ուկրաինայի զինվորականների պատվիրակությունը բանակցություններ է վարել Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության շենքում։

«Այդ հանդիպումների ընթացքում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների զինվորական պատվիրակությունները և ՄԱԿ-ի պատվիրակությունը վաղը Ստամբուլում բանակցություններ կվարեն՝ նպատակ ունենալով ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերը ծովով միջազգային շուկաներ տեղափոխել»,- ասաց նախարարը։

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը հայտնել էր, որ հուլիսի 13-ին Ստամբուլում կանցկացվի ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև խորհրդակցությունների հերթական փուլը։

«Սպասվում է, որ կմասնակցեն նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամները՝ որպես դիտորդներ»,- հավելել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս