Բաժիններ՝

Կառավարությունն ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել. նույնիսկ խալիֆայությունների ժամանակ նազիր-վեզիր կար, հարցնում էին, չէ՞, որ այս բանն ասեմ՝ ի՞նչ է լինելու․ Հնագետ

«Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Այս մասին հուլիսի 7-ին կառավարության նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ ինքը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի:  Հուսով եմ՝ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացվեն, և պրոցեսն առաջ կընթանա նախատեսված տրամաբանությամբ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հայ Առաքելական եկեղեցին մի քանի անգամ բարձրաձայնել է՝ Քրիստոսի արձանի տեղադրումն ընդունելի չի համարում: Ընդգծել է՝ այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին:

 Հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է Հատիս լեռան վրա արձանի տեղադրմանը:

«Հատիսը բավականաչափ մշակութականացված լեռ է: Ամբողջ լեռը լիքն է հուշարձաններով, իսկ գագաթին գտնվում է շատ հզոր մի ամրոց: Ու եթե բրոնզե, երկաթե դարերի ամրոցները հաշվենք,  ամենախոշորներից և լավ պահպանվածներից մեկն է: Կառավարության մոտեցումը պետք է հիմնված լինի երկրի օրենսդրության և կանոնակարգերի վրա: Սա այդ օրենսդրության և կանոնակարգերի կոպիտ խախտում է: Եթե անգամ հուշարձանը գրանցված չէ, ապա ցանկացած գործունեություն ենթադրում է համապատասխան գերատեսչության ներկայությունը, հետախուզությունը, նախագծի կազմումը, եզրակացությունը: Կառավարությունն ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել՝ առանց այս ամենի: Նույնիսկ խալիֆայությունների ժամանակ նազիր-վեզիր կար, հարցնում էին, չէ՞, որ այս բանն ասեմ՝ ի՞նչ է լինելու»,- ասաց հնագետը՝ շեշտելով, որ կան բազմաթիվ մասնագետներ, ակադեմիական ինստիտուտներ, հուշարձանների հաշվառման, պահպանման գերատեսչություններ, լուրջ ու սրտացավ մարդիկ:

«Կարելի է, չէ՞, սեփական կառավարության պատկան մարմիններին բանի տեղ դնել: Նրանք էլ են տարակուսած ու վրդովված: Կամ՝ ԿԳՄՍ նախարարությունն ասում է՝ գաղափարին դեմ չեն: Ինչի՞ն դեմ չեն, ե՞րբ են քննարկում կազմակերպել, մասնագիտական քննություն արել»,- նշեց Համլետ Պետրոսյանը:

Քաղաքաշինարար, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը չի հասկանում՝ եթե Կառավարությունը որոշ չափով համաձայնություն է տվել, ինչպե՞ս է ստացվում, որ ԿԳՄՍ նախարարության կարծիքը չեն հարցրել:

«Բացի դա՝ ժողովրդի կարծիքն է պետք, ինչպես նաև՝ եկեղեցու: Լիազոր մարմնից պետք է եզրակացություն հարցնեն, նոր թույլտվություն տան: Եկեղեցու ասածն էլ փաստորեն իրենց համար ոչ մի բան է, այդպես ո՞նց կլինի: Մայր Աթոռը նշել էր, որ կողմ է, բայց թող բարձրաքանդակ անեին: Եթե աչալուրջ լինեին եկեղեցու հորդորին, աշխարհի տենդենցներին, մրցութային առաջարկ կգրեին ու նորմալ մրցույթ կհայտարարեին: Լրիվ այս վիճակն է՝ Հատիս լեռով հատեցին անթույլատրելիի սահմանը: Իսկ, այսպես կոչված, հիմնարկեքին միայն բիզնեսից էին խոսում: Հիսուս Քրիստոսի արձանը որ բիզնես է, ապա դա լրիվ ուրիշ կոնտեքստ է: Դրսում որ նայեն, իրենց թվում է՝ ասելու են՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկի՞ր է, երբ միայն բիզնեսից ես խոսում»,- նկատեց քաղաքաշինարարը:

Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ. «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ  «…նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:

Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել:

Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:  Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ, եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»,- նշված է հայտարարության մեջ:

Նկատենք, որ Հատիսը հանգած հրաբուխ է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում:

Հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք: Գոյություն ունեն լեռան Հատիս կամ Հադիս անվանաձևերի ծագման մի շարք մեկնաբանություններ։ Դրանցից մեկի համաձայն՝ Հատիս անվան հիմքում ընկած է փռյուգիական բնության մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է հայոց թագավոր, աստված Արա Գեղեցիկին։ Ներկայացվածից բխում է, որ լեռը նախապես կապված է եղել Արայի պաշտամունքի հետ։ Հատիս լեռան գագաթին և լանջերին են գտնվում շուրջ 20 պատմամշակութային հուշարձաններ։ Լեռան գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան ամրոցի ավերակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս