Բաժիններ՝

Եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել հարսանյաց իրադարձությունը, կնունքը, ասել՝ ո՞չ. ԿԳՄՍ նախարարը՝ հուշարձանների տարածքում իրականացվող միջոցառումների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը խստացնելու է հուշարձանների տարածքում իրականացվող միջոցառումների կազմակերպման պահանջները։ Այս մասին օրերս ՊՈԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ:

Խնդիրն այն է, որ մի քանի օր առաջ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանրային միջոցառում էր տեղի ունեցել, որի ընթացքում եղել էր նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, արդյունքում՝ արգելոց-թանգարանում հնչել էին ռաբիս ոճի երգեր։

«Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։

Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է»,- ասվում է  ՊՈԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է տեսնում այդ հարցի լուծումը, երբ ամեն ոք կարող  է մեկ ժամվա համար վճարել 500.000 դրամ ու քեֆ անել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։

«Եթե հիշում եք՝ որոշ ժամանակ առաջ Գառնու տաճարում եղավ խնդիր, հիմա էլ՝ «Զվարթնոցում»: Մենք՝ որպես լիազոր մարմին, ՊՈԱԿ-ը, ում միջոցով դա արվում է, բոլորն օրինապաշտ արել են իրենց պարտականությունները: Այսինքն՝ դիմողը դիմել է, ՊՈԱԿ-ը սահմանված կարգով դիմել է լիազոր մարմնին, կարգի շրջանակում լիազոր մարմինը չի առարկել միջոցառման անցկացումը:

Միջոցառման ընթացքում, ըստ իմ տեղեկությունների՝ եղել են որոշակի շեղումներ այն կարգից, որին բոլորը տվել են համաձայնություն»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դրանք հուշարձաններ են, հանրային արժեք են, մեր ժողովրդինն են ու եթե «մարդկանցից մեկն ամուսնանում է, մեկը կնքվում է և ցանկություն ունի այդ հուշարձանային տարածքում, սրբավայրում նկարվել, նշել», ապա, իր կարծիքով՝ արգելք դնել չարժե, բայց՝ մի կարևոր պահանջով. այդ տարածքը չպետք է վերածվի կերուխումի, երկարատև կենացների, տարբեր ճաշատեսակների մատուցման և ազատ ոճի երաժշտության վայրի:

«Երկար ժամանակով տարածք տրամադրելը, կարծում եմ, այդքան նպատակահարմար չէ: Կարճ ասած՝ ռեստորանի չվերածվի: Բայց, եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել հարսանյաց իրադարձությունը, կնունքը, ասել՝ ո՞չ: Իհարկե, այդ ողջ ընթացքում ցանկացած քաղաքացի, ով ուզում է մտնել և զբոսնել հուշարձանի տարածքում, մուտքը պետք է լինի ազատ»,- հավելեց Վահրամ Դումանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս