Եվրախորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել է Արցախը. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ եվրոպական կառույցներում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։

«Հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում և պաշտպանում ՀՀ և Արցախի, և, առհասարակ, հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխանությունների այն պնդումը, որ կա միջազգային պահանջ և կոնսենսուս Արցախի հարցում՝ կարգավիճակի նշաձողն իջեցնելու, ակնհայտ է, առնվազն իմ տպավորությամբ, նման պահանջ գոյություն չունի, այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ։ Բայց երբ այդ հանդիպման ընթացքում շատ հիմնավոր բացատրում էինք, որ մենք դեմ չենք խաղաղության, և հայ ժողովուրդը, բնականաբար, ձգտում է այդ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով և պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն, այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի են լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ամփոփելով Եվրոպական խորհրդարան այցի արդյունքները։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունը պայքարում է մի քանի ճակատներով․ «Այս օրերին թուրք-ադրբեջանական պատվիրակությունները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել՝ իբրև ռևանշիստական ուժեր, տարածաշրջանը ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, այդ թվում՝ մեր շարժմանը։ Այս իրենց թեզերն աջակցություն են ունենում Հայաստանի որոշ շրջանակների կողմից։ Դրանք նույն թեզերն են, որոնցով ՀՀ իշխանությունները բնութագրում են ընդդիմության գործունեությունը։ Հետևաբար, մեր այն բոլոր պնդումներն ու հայտարարությունները, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում ժողովրդի շահերը և շատ հարցերում համագործակցում են և նույն թեզերն են առաջ տանում միջազգային ատյաններում, ակնհայտ էր, գետնի վրա տեսանք ու համոզվեցինք»։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը եվրոպական երկրների համար դարձել է հետաքրքիր՝ հաշվի առնելով աշխարհում առկա էներգետիկ ճգնաժամը․ «Այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը։ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին և կազմակերպություններին հաճախ զեկուցումները ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք և իրական, և այս հանդիպումներն այս իմաստով շատ կարևոր էին, որպեսզի ներկայացնեինք այն ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ընթացքը, որ գոյություն ունի Հայաստանում, որպեսզի լսեին նաև այլ կարծիք, և իրական գնահատական տրվեր այն ներքաղաքական պրոցեսներին, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում»։

Տեսանյութեր

Լրահոս