Խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա
Օ՜հ, եթե միայն գիտակցեինք, թե որքա՜ն համբերող է Աստված: Նոյյան տապանի շինարարության համար հարյուր տարի պահանջվեց (Ծննդ. 5:32): Կարծում եք Աստված չէ՞ր կարող այդ տապանն արագ կառուցել: Իհարկե, կարող էր, բայց Նա թույլ տվեց, որ Նոյը հարյուր տարի չարչարվի, որպեսզի մյուսներն էլ հասկանան, թե իրենց ինչ է սպասվում և ապաշխարեն:
«Տեսե՛ք,- ասում էր մարդկանց Նոյը,- ջրհեղեղ է լինելու: Ապաշխարեցե՛ք»:
Բայց մարդիկ ծաղրում էին նրան: «Ի՞նչ արկղ է կառուցում»,- հեգնում էին Նոյի ժամանակակիցներն ու իրենց գործերը շարունակում: Եվ այսօր էլ, Աստված կարող է երկու րոպեում ցնցել ողջ աշխարհն ու ստիպել, որ այն փոխվի, բոլորը հավատացյալ ու նույնիսկ «գերհավատցյալ» դառնան: Ինչպե՞ս: Ահա՛, թե ինչպես. եթե Նա երկրաշարժի «կոճակը» սեղմի ու սկսի ուժեղացուցչի կարգավորիչը պտտել նախ Ռիխտերի սանդղակի 5 բալլի վրա, հետո 6-ի, հետո 7-ի… 8-ի վրա բարձրահարկերը կսկսեն հարբածի պես օրորվել ու միմյանց զարկվել: 10-ի վրա բոլորը կասեն. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր, աղաչում ենք փրկիր մեզ»: Հնարավոր է նաև, որ բոլոր մարդիկ, մինչև վերջին հոգին, վանական դառնալու ուխտ անեն: Բայց բավական է միայն, որ երկրաշարժը դադարի, իսկ մարդիկ թեկուզ օրորվելով, բայց արդեն կարողանան ոտքի վրա կանգնել, կրկին բարեր ու դիսկոտեկներ կվազեն: Որովհետև նման դարձի դեպքում իրական ապաշխարություն չի լինի, նրանք ապաշխարության խոսքերը մակերեսորեն կարտասանեն, որպեսզի չարիքից փրկվեն:
– Հա՛յր, իսկ եթե Աստծու ցասումը տարերային աղետի տեսքով գա ու արդար մարդիկ ողորմություն աղերսեն Աստծուց, ապա Աստված կլսի՞ նրանց աղոթքները:
– Տե՛ս՝ մարդիկ չեն ապաշխարում և այդ պատճառով էլ Աստված արդարների աղոթքները չի լսում: Եթե Աստծուն զայրացնենք, բայց հետո ընդունենք մեր մեղքը՝ ուրիշ հարց է, Աստված կողորմի մեզ ու կօգնի: Բայց եթե մարդ չի ընդունում, որ զայրացրել է Աստծուն ու շարունակում է իր հին երգը երգել, ապա Աստված ինչպե՞ս կլսի արդարների աղոթքները: Եթե մարդ որևէ զանցանք է գործել, ապա պետք է գիտակցի դա, որպեսզի Աստված ների իրեն: Իսկ, եթե հոգևոր մարդիկ են զանցանքներ գործում, ապա մեղմացուցիչ հանգամանքներ չկան նրանց համար: «Մեր մեղքերի ու մարդկանց անգիտության համար» ասվում է մի աղոթքում(1): Եթե աշխարհիկ մարդկանց զանցանքներն «անգիտություն» են, ապա հոգևոր մարդկանց զանցանքներն արդեն «մեղքեր» են: Այդ պատճառով էլ, եթե հոգևոր մարդիկ են զանցանք գործում, ապա դա արդեն կատակ չէ: Այդ աշխարհիկ մարդիկ է, որ մեղմացուցիչ հանգամանքներ ունեն:
Այս տարի(2), երբ Վերափոխման տոնի պահոց շրջանում հրդեհ բռնկվեց Սուրբ լեռան վրա, ուղղակի սարսափելի բան էր կատարվում: Բոլոր ամենաուժեղ հրշեջներն էին Աթոսում հավաքվել, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ ոչինչ անել, մնում էր միայն կանգնել ու նայել, թե ինչպես է կրակը մոլեգնում: Թվում էր, թե հրշեջ ինքնաթիռներն ավելի էին սաստկացնում այն: Վանքերից մեկը հատուկ հակահրդեհային գոտիներով շրջապատեցին, որպեսզի կրակը ներս չանցնի, բայց չնայած այդ բոլոր միջոցներին՝ կրակը ներս թափանցեց այնտեղից, որտեղից չէին սպասում: Սուրբ լեռը տասնհինգ օր այրվում էր և օգոստոսի 15-ին(3) կրակն ինքն իրեն մարեց: «Իսկ Աստվածամայրն ինչո՞ւ հրդեհը չի հանգցնում», – ասում էին ոմանք: Այսինքն՝ այնտեղ ենք հասել, որ արդեն Աստծու անունն ենք հայհոյում: Բայց երբ վեց օր հետո կրկին հրդեհ բռնկվեց Սուրբ լեռան մեկ այլ վայրում, միանգամից անձրև եկավ ու մարեց կրակը: Մի հրդեհը մարվեց, իսկ մյուսը ոչ: Մի՞թե հասկանալի չէ, թե ինչու:
Որոշ մարդիկ, գործող հոգևոր օրենքները չիմանալով, ցավով աղոթում են, բայց լսելի չեն լինում, որովհետև կատարվող դժբախտությունն Աստծու զայրույթն է: Իսկ որոշ աղետների ժամանակ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն աղոթում, որովհետև ընդունում են Աստծու զայրույթի արդարացիությունը, որի նպատակը մարդկանց խելքի բերելն է: Թող Աստված մեզ՝ վանականներիս, ավելի լուսավորի, որովհետև մեծ մասամբ մենք հիմար կույսեր ենք (Մտթ. 25:1-13), իսկ մեր լապտերները ջրով են լցված, միայն պատրույգն է մի քիչ ներծծված ձեթով: Իսկ աշխարհիկ մարդիկ սպասում են, որ մենք կլուսավորենք իրենց ճանապարհն ու իրենք չեն սայթաքի:
Արդ խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա ու մենք խուսափենք Նրա արդար զայրույթից: Միայն ապաշխարությամբ ու Աստծու պատվիրանների պահպանմամբ է հնարավոր խուսափել Նրա գալիք զայրույթից:
1) Սուրբ Պատարագի ընթացքում կարդացվող սուրբ Հովհան Ոսկեբերանի Ընծայման աղոթքը:
2) Արտասանվել է 1990թ. նոյեմբերին:
3) Հին տոմարով Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնի օրը:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը