Նիկոլ Փաշինյանի ու նրա շահառուների հերթական ավանտյուրան

Հայաստանում կրկին թևածում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելությունից, այդ հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները նա համարում է իր իշխանությունը երկարաձգելու ու ավելի ամրապնդելու հնարավորություն։

Իրավիճակի նրբությունն այն է, որ արտահերթ ընտրություններն իրականում անհրաժեշտություն են, քանի որ երկրում տևական ժամանակ է՝ կա քաղաքական, իսկ վերջին իրադարձություններից հետո՝ նաև խորհրդարանական ճգնաժամ, գործող Ազգային ժողովն ամբողջությամբ դևալվացվել է և կորցրել է քաղաքական ֆունկցիոնալությունը։

Բայց արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցում  Նիկոլ Փաշինյանին մոտիվացնում է ոչ թե քաղաքական ու խորհրդարանական ճգնաժամը հանգուցալուծելու, այսինքն՝ պետության օգտին քայլ կատարելու անհրաժեշտությունը, այլ սեփական իշխանության ամրապնդման մանր հաշվարկը։ Նա ցանկանում է ընտրություններ անցկացնել իր սցենարով, իր խաղի կանոններով՝ պահպանելով իշխանությունը։ Այնպես, ինչպես տեղի ունեցան նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ունենալով տոտալ վերահսկողություն ուժային կառույցների, պետական կառավարման մարմինների նկատմամբ, հերթական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը որևէ դժվարություն չի ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի համար։

Այսինքն՝ արտահերթ ընտրությունը նրա համար ոչ թե մարտահրավեր է, այլ հնարավորություն՝ պողպատյա մանդատը, ասենք, «չուգունե քվեով» փոխարինելու ու իր «լեգիտիմությունը վերահաստատելու» տեսանկյունից։ Արտահերթ ընտրությունը Նիկոլ Փաշինյանի պատրաստած մեծագույն ծուղակն է, որին մաս կազմելու դեպքում քաղաքական ուժերը նպաստելու են նրա իշխանության «չուգունացմանը»։

Այսինքն՝ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունը մարտահրավեր է ոչ թե իշխանության, այլ առաջին հերթին՝ ընդդիմության համար։ Մասնակցել այդ ընտրություններին՝ նշանակում է՝ ի սկզբանե վերալեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից՝ մերժել այդ ընտրություններին մասնակցությունը, առնվազն աշխարհի համար կնշանակի՝ ցուցաբերել ապակառուցողականություն և մարգինալություն։ Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ապահովել իր «հյուրանոցային ընդդիմադիրների» ակտիվ մասնակցությունն ընտրություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալով «հայկական ժողովրդավարության գերմրցակցայնությունը»։

Իհարկե, այս սցենարը միայն Նիկոլ Փաշինյանին վերագրելն անհամարժեք կլինի, քանի որ իրականում նշված սխեմայով նրա իշխանության ամրապնդման շահառուները բազմաթիվ են՝ սկսած փաշինյական իշխանությանը երբեմն՝ ուղղակի, երբեմն՝ քողարկված աջակցող հավաքական Արևմուտքից, Եվրոպայից, վերջացրած այլևս անթաքույց նրան սատարող Թուրքիայով ու Ադրբեջանով։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով հանդես եկող աշխարհաքաղաքական այս կոնսենսուսի լիարժեք շահառու է նաև Ռուսաստանը, ում հետ ընդդիմության ու նաև հանրության մի մասը՝ մոլորության մեջ գտնվելով, փաշինյանական իշխանությունից ազատվելու հույսեր է կապում։

Ահա բոլոր այս աշխարհաքաղաքական կենտրոններն են իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորներն ու երաշխավորները, առանց որոնց նա մեկ ժամ ավելի չէր կարող պահպանել իշխանությունը։ Իսկ դա նշանակում է, որ նաև արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանի իշխանության «վերալեգիտիմացմամբ» շահագրգիռ են տարածաշրջանային գրեթե բոլոր խաղացողները, այդ թվում՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Հետևաբար՝ արտաքուստ որպես Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակ թվացող այս սխեման իրականում շատ ավելի լուրջ ճարտարապետներ կարող է ունենալ։

Առաջին հայացքից սա փակուղային իրավիճակ է բոլոր իրական ընդդիմադիր ուժերի համար, քանի որ մասնակցությունը նշանակելու է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմացում, բոյկոտը՝ քաղաքական լուսանցքայնացում։ Հետևաբար՝ բոլոր այդ կուսակցությունները, ոչ թե իշխանությանը մաս կազմել ցանկացողները, այլ երկրի մասին իրապես մտահոգ ուժերը, պետք է անեն առավելագույնը՝ հասնելու համար արտահերթ ընտրությունների անցկացման, սակայն, առանց Նիկոլ Փաշինյանի։

Դրա համար կա բավարար քաղաքական գործիքակազմ, այդ նպատակին հասնելը դժվար, բայց իրատեսական է։ Ավելի կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերի ու դրանց առաջնորդների մոտ դժվար, բայց պետության շահերից բխող ճանապարհն անցնելու անհրաժեշտության գիտակցումը գերակայի իշխանությունից մասնաբաժին ստանալու հեշտ, բայց հակապետական կոնյունկտուրիզմին։

Հակառակ դեպքում բոլորը հայտնվելու են Նիկոլ Փաշինյանի ծուղակում, որը կործանարար կարող է լինել ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական համակարգի, որքան՝ պետության համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս