Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե․ Հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների աճ է նկատվում

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 7 բռնկում, որոնք պայմանավորված են եղել սննդի գործոնով՝ պահման, տեղափոխման կանոններն են խախտվել:

«Շատ կարևոր է մի շարք կանոնների պահպանումը, որը կանխարգելիչ նշանակություն ունի սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրման գործում՝ հատկապես էքսկուրսիաների ժամանակ: Անպայման պետք է ուշադրություն դարձնել սննդամթերքի տեղափոխման, պահպանման պայմաններին, ժամկետներին, սննդամթերքի պատրաստման ժամանակ հիգիենայի կանոններին: Միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե, սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային»,-ասաց Ռոմելլա Աբովյանը: Հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առավել արագ փչացող սննդամթերքի պահպանմանը՝ կրեմային հրուշակեղեն, կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք:

Ձեռքերի հիգիենայի գործոնին շատերը թերահավատորեն են մոտենում, սակայն Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ քովիդով պայմանավորված, երբ հասարակության շրջանում ամուր հիմքի վրա էր դրված ձեռքերի ու շրջապատի հիգիենան և ախտահանում կատարվում էր օրը մի քանի անգամ, 2020 թվականին նկատելի նվազել էին աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները:

«Դա բավական լուրջ գործոն է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման համատեքստում: Ձեռքերի, շրջակա միջավայրի ախտահանումն ունեցել է իր ազդեցությունը բռնկումներ չարձանագրելու առումով»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս սնունդն ընդունելուց երկու ժամ հետո և կարող են շարունակվել մի քանի օր: Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավ: Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի: Ռոմելլա Աբովյանի գլխավոր հորդորը՝ ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, զերծ մնալ հակամանրէային դեղորայք ընդունելուց:

«Երեխաներն ավելի զգայուն են ու նրանց օրգանիզմը թիրախավորված է: Ախտանշանների դեպքում անպայման դիմեք մոտակա բուժհաստատություն: Ունենք դեպքեր, երբ երեխայի բուժումը կազմակերպվում է տանը, ինչն էլ ավելի բարդացնում է իրավիճակը»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս