Ունենք վարակի տարածման տեմպի արագացում. Վերջին շրջանում «Օմիկրոնի» BA4-ի և BA5 ենթատեսակն է շրջանառվում շատ երկրներում. Ռոմելլա Աբովյան
«Այս պահին ՀՀ-ում իրավիճակը գնահատում ենք կայուն, սակայն պետք է նշեմ, որ վերջին 7 օրվա ընթացքում արդեն ունենք որոշակի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նախանշում է, որ ունենք վարակի տարածման տեմպի արագացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով 168.am-հարցին՝ արդյոք կարո՞ղ ենք ասել, որ կորոնավիրուսի բռնկում այլևս չի լինի, թե՞ այն շարունակում է մուտացիայի ենթարկվել, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա փոխանցմամբ՝ եվրոպական երկրներում, ինչպես նաև՝ ՌԴ-ում, արդեն իսկ կորոնավիրուսի դեպքերն աճում են ոչ սրընթաց, դանդաղ տեմպերով:
Ինչ վերաբերում է նոր վիրուսներին՝ Ռոմելլա Աբովյանը նշեց. «Վերջին շրջանում «Օմիկրոնի» BA4-ի և BA5 ենթատեսակն է շրջանառվում շատ երկրներում: Խոսել ավարտի մասին կամ կանխատեսել, թե արդյո՞ք կլինեն նոր մուտացիաներ, շատ դժվար է, քանի որ բավականին անկանխատեսելի իրավիճակների հանդիպեցինք այս վերջին 2 տարվա ընթացքում: Հիվանդության դեմ պայքարի մի պարզ գործիք կա, դա պատվաստումն է»:
Ինչ վերաբերում է «Կապիկի ծաղիկ»-ին, ապա նա շեշտեց՝ այլ երկրներ գնալիս պետք է պահպանել հիգիենայի հիմնական կանոնները՝ սկսած ձեռքերի լվացումից, այն սերտ շփման արդյունքում է ի հայտ գալիս։
Հավելենք, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, կատարվել է 4992 թեստավորում, կա 62 առողջացած և մահվան դեպք չի գրանցվել: