Նատալյա Ռոտենբերգը չի կարող Երևանի քաղաքապետ դառնալ, նա երկքաղաքացիություն ունի․ խոսնակը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, շուրջ 1 ամիս առաջ հայտնել էր, որ մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու 2023 թվականին կայանալիք հերթական ընտրություններին։
«Կուսակցությունը որոշում է կայացրել, որ նախընտրական ցուցակը գլխավորեմ ես, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Հիմա ես ուսումնասիրում եմ, թե ինչի կարիք ունի Երևանը, ինչ է անհրաժեշտ անել Երևանում, ես ուսումնասիրում եմ Երևանի գործող իշխանության ծրագիրը»,- ասել էր Ռոտենբերգը։
Հարցազրույցի ընթացքում Նատալյա Ռոտենբերգը նաև ներկայացրել է իր կարգախոսը՝ «Գործերն ավելի խոսուն են, քան խոսքը»։
«Երևանի քաղաքապետը պետք է լինի առաջին հերթին պատասխանատու անձ, լավ կառավարիչ և լավ առաջնորդ.․․ Ես պատրաստ եմ պայքարել հանուն Երևանի»,- ասել էր Նատալյա Ռոտենբերգը։
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելուց հետո Ռոտենբերգը պարբերաբար շրջում է մայրաքաղաքում, երթևեկում մետրոյով և հասարարակական տրանսպորտով, ծանոթանում առկա խնդիրներին, նախապատրաստվում ընտրություններին։
168.am-ի տեղեկություններով, սակայն, Նատալյա Ռոտենբերգը չի կարող Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել, քանի որ, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, նա նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Երևան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք
Հոդված 42.
«1. Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
2. Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»:
168.am-ը շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, Նատալյա Ռոտենբերգի մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե տիկին Ռոտենբերգը ե՞րբ է ՀՀ քաղաքացիություն ստացել, արդյոք այդ ժամկետները թույլ տալի՞ս են, որ նա կարողանա մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
Հարցրեցինք նաև, թե Նատալյա Ռոտենբերգն այս պահին միայն ՀՀ քաղաքացիությո՞ւն ունի, թե՞ նաև այլ երկրի քաղաքացի է հանդիսանում։
Նատալյա Ռոտնեբերգի խոսնակը հարցերը լսելուց հետո փոխանցեց, որ քիչ անց՝ ճշտելուց հետո միայն կարող է պատասխանել։
Շուրջ 1 ժամ հետո խոսնակը պատասխանեց, որ մեր հարցերին չի կարող պատասխանել՝ հստակ պատասխան չունի, և, որ երկուշաբթի միայն կկարողանան պատասխանել։
Այսօր, սակայն, մեր հարցերից 2 օր անց, Նատալյա Ռոտենբերգի մամուլի խոսնակը կապ հաստատեց մեզ հետ՝ ասելով․
«Մեկնաբանություն չենք կարող տալ»։