«Կարծում եմ՝ ամեն ինչ տանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն». Աննա Կոստանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին արտահերթ նիստում 66 ձայնով պաշտոններից զրկեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Արտահերթ նիստից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հրաժարականի դիմում էր ներկայացրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Արմեն Գևորգյանը՝ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այսպես, մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ իրենց զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում են ներկայացրել, բացի ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից։

Այս ամենին զուգահեռ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխանական պատգամավորները հայտարարում են, որ եթե ընդդիմադիր բոլոր պատգամավորները հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից ու մանդատները վայր դնեն, ապա դրանով խորհրդարանում ճգնաժամ չի լինի և իշխանական մեծամասնությունը կարող է առանց ընդդիմության շարունակել աշխատել։

168.am-ի հետ զրույցում 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը, խոսելով խորհրդարանում ընթացող գործընթացների մասին, նշեց, որ 2021 թվականին 7-րդ գումարման ԱԺ-ում նույն դիսկուրսն էր ծավալվում, երբ արտախորհրդարանական ընդդիմությունը փողացային պայքար էր սկսում և խորհրդարանում գտնվող ընդդիմությունից պահանջում, որպեսզի  մանդատները վայր դնեն։

«Այն ժամանակ էլ նույն քննարկումն էր ծավալվում, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը մանդատները վայր դնի, խորհրդարանում քաղաքական ճգնաժամ կառաջանա՞, թե՞ ոչ։ Իրավաբանների շրջանակն այդպես էլ լիարժեք ու համոզիչ ձևով չկարողացավ միանշանակ պատասխանել՝ արդյո՞ք ընդդիմության մանդատների վայր դնելուց հետո կլինի այդ ճգնաժամը։ Հիմա նույնն այս վիճակն է՝ կա կայուն մեծամասնություն, որն ամեն դեպքում կկարողանա միայնակ օրենքներ ընդունել։ Այժմ այն իրավիճակն է, որ եթե իսկապես ինչ-որ պահի ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն, և խորհրդարանում մնա միայն իշխանությունը, ապա, կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի միջազգային կառույցների խորհրդատվությունը։ Խորհրդարանում առանց ընդդիմության ընդունած օրենքները միանշանակ կարելի է վիճարկել՝ դրանց լեգիտիմության տեսանկյունից, թե այդ մեծամասնություն կոչեցյալը որքանո՞վ է  հաշվի առել ամբողջ ժողովրդի կարծիքը։ Իսկ եթե օրենքի տեսանկյունից նայեք, ապա օրենքը հստակ ձևակերպում չի տալիս»,- շեշտեց Աննա Կոստանյանը։

Նախկին պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ եթե խորհրդարանն աշխատի առանց ընդդիմության, ապա դա առհասարակ չի տեղավորվում ժողովրդավարության չափանիշների մեջ, հենց ժողովրդավարությունը թմբակահարելով՝ այս իշխանությունը եկավ երկիրը կառավարելու։

«Այս իշխանությունը, որը ժողովրդավարությունը դարձրեց իր թիվ մեկ բրենդը և նախկինների դեմ շահարկելով հայտարարում էր, թե իրենք ավելի ժողովրդավար են, քան նախկինները, այս ամենը պարզապես իրենց իսկ սահմանած ժողովրդավարության տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հավելեց Ա. Կոստանյանը։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ, երբ երկրում անցկացվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և խորհրդարան անցած ընդդիմադիրները վերցրեցին մանդատները և հայտարարեցին, որ գնում են խորհրդարան՝ իշխանության դեմ պայքարելու համար, այդ ժամանակ պետք է կանխատեսած լինեին, որ որոշ ժամանակ անց նման իրավիճակ կարող է ստեղծվել։

«Եթե չեն կանխատեսել, թե ինչ պետք է անեն, շատ ցավալի է։ Նույնիսկ սկսնակ քաղաքական գործիչները կարող էին կանխատեսել, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել, երբ ստիպված կլինեն մանդատները վայր դնել։ Միամտություն կլիներ հավատալ, որ ընդդիմությունը խորհրդարանի ներսում կարող էր այս իշխանության դեմ պայքարել։

Երկիրը ցնցումների մեջ մտել է 2020 թվականից հետո, իսկ նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո, որպես երկրորդ փուլ, կարող ենք արձանագրել երկրի այսպես տուրբուլենտ իրավիճակի մեջ հայտնվելու հանգամանքը։

Ըստ իս, մոտ ապագայում էլ այսպես կշարունակվի, քանի որ չեմ տեսնում խելամիտ որոշում կայացնողների այնպիսի շրջանակ, որոնք կկարողանան հստակ գործողությունների պլան առաջարկել՝ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար

Կարծում եմ՝ ամեն ինչ տանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն»,- եզրափակեց Աննա Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս