«Պայքարը չի՛ դադարել. հասնելու ենք այս ապիկար իշխանությունների հեռացմանը». Վահե Մովսիսյան
ՀՀԿ անդամ Վահե Մովսիսյանի կարծիքով՝ «Դիմադրություն» շարժման մարտավարության փոփոխությունը կբերի նոր ակտիվություն ու նոր փուլ, որին ավելի շատ մարդիկ կմասնակցեն:
«Պայքարը չի դադարել, շարունակվում է, ունենալու ենք նոր նախաձեռնություններ, և հասնելու ենք մեր պայքարի վերջնական կետին՝ ապիկար իշխանությունների հեռացմանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վահե Մովսիսյանի խոսքով՝ մարզերի բնակիչների հետ պետք է ավելի շատ աշխատել. «Ես Կոտայքի մարզից եմ, իշխանություններն այնտեղ ակտիվ աշխատում էին, և իրենց մոտ բավականին լավ է ստացվում մարդկանց մոլորեցնելն ու խաբելը: Մարզերում ժողովուրդն ապրում է այլ իրականության մեջ, նրանք ինչպես խաբկանքին հավատացել են 2018թ., 2021թ. և նորից ընտրել են, հիմա նույն խաբկանքի մեջ են ապրում: Իրենք ունեն իրազեկման խնդիր, իսկ այդ իրազեկումը պետք է մենք անենք: Մարզերում բնակիչներին ոչ թե անվտանգային համակարգը չի հետաքրքրում, այլ ասում են, որ, օրինակ, հնարավոր չէ Բերձորը տալ»:
Նա ընդգծեց, որ շարժման մարտավարությունը փոխվում է այն առումով, որ միայն Երևանի կենտրոնով ամեն ինչ չսահմանափակվի, այլ հասցնեն շփվել մարզերի բնակիչների հետ.
«Պետք է նրանց հետ խոսենք, բացատրենք, ասենք՝ եկեք համախմբվենք, հասկանանք՝ ոնց ենք հեռացնում այս ապիկարներին, ովքեր ձեր ապագան են վաճառում, դուք դա կողքից տեսնում եք ու մտածում, թե աթոռի կռիվ է: Աթոռ դնելու տեղ չի մնալու, ու մարզերում ավելի շատ են խնդիրները: Անվտանգային համակարգն առաջնային է, և դա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ, սա այն խնդիրն է, որ բոլորին է վերաբերում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում