«Բոլորը հետ կքաշվեն, հենց այդ թեկնածուն գա». Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի համար իրեն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ այդ հանձնաժողովի կազմում ինքն ու ընդդիմադիր երկու պատգամավորները մշտապես խնդիրներ են ստեղծել այն օրենքների նախագծերի հետ կապված, որոնք սպասարկել են իշխանամերձ օլիգարխներին։ Նա թեև խոստովանում է, որ դրանց ընդունումը չեն կարողացել կանխել, որովհետև ընդդիմադիրների ձայները բավարար չէին, բայց նկատում է՝ այդ մասին խոսել են ու բարձրաձայնել։

«ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ամենամեծն ու ծանրաբեռնված է. այստեղ են բերվում մեր տնտեսությանն առնչվող նախագծերը, ուստի հենց այս հանգամանքը պետք է բերել առաջին պլան՝ խոսելով ինձ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։

Հաշվի առնելով այն, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք սկսել են զգալ, թե իրենց ի՞նչ հնարավորություններ կտա տնտեսական հանձնաժողովը, որի միջոցով կարող են իրենց համար ցանկալի գործարարների համար օրենսդրական նախագծերի լոբբինգ անել ու դա դարձնել օրենք, մենք իրենց այդ հանձնաժողովում խանգարում էինք, որովհետև մենք այդ հանձնաժողովում նաև նմանատիպ օրինագծերի մասին ենք բարձրաձայնել և փորձել խոչընդոտել դրանց ընդունումը. եկեք հիշենք Արսեն Թորոսյանի կողմից բերված ու այլ օրինագծեր ևս։

Եկեք հիշենք, որ Կառավարությունը դրամաշնորհներ է գտնում, որի դիմաց պարտավորվում է օրենքի նախագծեր բերել Ազգային ժողով, ինչն էլ իշխանական պատգամավորներն անում են։ Հիշեցնեմ, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տնտեսությունից քիչ թե շատ հասկանում է, թերևս, Բաբկեն Թունյանը, որը նման դեպքերում լռում է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով՝ անկախ հանգամանքից՝ կլինի՞ այդ հանձնաժողովում, թե՞ ոչ, հետևելու է այդ հանձնաժողովի աշխատանքին՝ իշխանամերձ օլիգարխների համար ընդունված օրինագծերի մասին բարձրաձայնելու նպատակով։

Ինչ վերաբերում է ընդդիմության խոստացած նոր մարտավարությամբ պայքարի մեկնարկին, Վահե Հակոբյանը նկատեց՝ նոր մարտավարությամբ ու ավելի մեծ ինտենսիվությամբ գործին կլծվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ պայքարը ծավալելով հետևյալ գիտակցմամբ։

«Նիկոլ Փաշինյանն այսօր գրեթե վարկանիշ չունի, բայց բարձր վարկանիշ չունի թե՛ հրապարակում, թե՛ հրապարակից դուրս գտնվող որևէ մեկը. հենց այստեղ է խնդիրը, ուստի հենց հայտնվի այդ X թեկնածուն, իրավիճակն արմատապես կփոխվի։ Ես համոզված եմ՝ եթե այդ X մարդը գա՝ ասի՝ ես եմ կինոյի տղեն, բոլորը հետ են քաշվելու, այնպես որ, թող գա. մեզ կինոյի տղա է հարկավոր»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս