«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան միայն խոստումներ է ստացել». թուրք վերլուծաբան

Ազգայնական ուղղվածության թուրքական «Yeni akit» կայքի վերլուծաբան Աբդուռահման Դիլիփաքը «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ի՞նչ է տեղի ունեցել» հոդվածում կասկածի տակ է առել այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան իբր ստացել է իր ուզածը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Դիլիփաքի՝ Թուրքիան միայն խոստումներ է ստացել, իսկ փոխարենը հստակ քայլեր է արել: Դիլիփաքի կարծիքով՝ այժմ կտեսնեն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) Թուրքիայի նկատմամբ, քանի որ Թուրքիայի այդ քայլով ՌԴ-ի «բալթյան միջանցքը» կարող է անցնել ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ:

Թուրք վերլուծաբանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ քայլերը Սև ծովի, Ուկրաինայի, Վրաստանի և միևնույն ժամանակ Հայաստանի ուղղությամբ են լինելու, և այժմ Թուրքիայի աչքը լինելու է Սև ծովի, Կովկասի ու Ադրբեջանի, Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերի, Սիրիայի ու Իրաքի ճակատների վրա:

Նա կարծում է, որ գագաթնաժողովի արդյունքների համաձայն՝ Թուրքիան շարունակելու է մնալ որպես ՆԱՏՕ-ի «հարմար ռազմավարական, մարտավարական բազա»:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ մեկ մտահոգիչ հարց կա. «Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն Անկարայի այս քայլի պատասխանը տա Հայաստանի և Սիրիայի միջոցով»:

Այս համատեքստում նա նշել է. «ՆԱՏՕ-ի ուզածն էլ հենց դա է. ԹՀ-ի միջոցով ՌԴ-ին անկյուն սեղմել և Թուրքիային իրենց կողմը քաշել: Այս իրավիճակը ԹՀ-ի ներքին քաղաքականությունում լուրջ ցնցումների պատճառ է դառնալու: ՆԱՏՕ-ն ԹՀ-ին իր կողմը գրավելուց հետո ցանկանալու ամբողջապես բռնազավթել/օկուպացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կլիմայի հարցերի, ՏՏ համակարգերի միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս