Երեխայի լացի պատճառները․ Նորածնային շրջանի առանձնահատկություններն ու խնամքը
Նորածնի ֆիզիկական զարգացման ցուցանիշները կախված են ծնողների տարիքից, նրանց հասակից և կշռից, նորածնի սեռից, մոր առողջական վիճակից, նրա սննդից ու կյանքի պայմաններից:
Տղաների միջին քաշը ավելի մեծ է, քան աղջիկներինը: Հասուն նորածնի միջին քաշը 3500±500 գ է, իսկ հասակը՝ 51±2 սմ:
Գլխի շրջագիծը 34-37 սմ է, իսկ կրծքավանդակի շրջագիծը՝ 1-2 սմ պակաս, այսինքն՝ 33-35 սմ:
Միջինում երեխան պետք է ամեն ամիս ավելացնի ոչ պակաս քան 500 գ:
Գլխի շրջագիծը ավելանում է շաբաթական 0.5 սմ-ով, այիսնքն՝ 2-2.5 սմ-ով առաջին ամսվա ընթացքում:
Հասակի միջին ավելացումը 1 ամսում կազմում է 2 սմ:
Նորածինների քունը և ակտիվությունը
Առողջ նորածինների մոտ կրկնվում են քուն և արթուն վիճակի փուլերը:
Երեխան քնում է 50 րոպեից-2 ժամ, իսկ արթուն մնում է 10-30 րոպե:
Ուտելու համար հասուն նորածինը արթնանում է ինքնուրույն:
Անհասները, որոնք ծնվել են մինչև 28 շաբաթական հղիության ժամկետը, անընդհատ գտնվում են քնած վիճակում: Երբ որ նրանց հպվում եք, նրանք կամ փոխում են իրենց դիրքը, կամ բացում են աչքերը, այդ արթուն վիճակը տևում է մի քանի րոպե:
Անհասները, որոնք ծնվել են 32 շաբաթական և ավելի ժամկետային հղիությունից, կարող են ինքնուրույն արթնանալ, և նրանց մոտ արդեն նկատվում է քնելու և արթուն վիճակի հերթափոխը:
Հետագայում արթուն վիճակը ավելի երկար է տևում, և 37 շաբաթական հասակում ծնվածները կարող են ունենալ բարձր ճիչ:
Երեխայի լացի պատճառները
Սովածություն (ոչ բավարար կաթնարտադրության, ոչ ճիշտ կերակրման դեպքում)
Անհարմարություն (շոգ է, ցուրտ կամ տակաշորերը կեղտոտ են, թաց)
Հոգնածություն (շատ այցելուների առկայություն)
Հիվանդություն (ականջի բորբոքում, փորացավ և այլն)
Մանկական արհեստական սնուցում (կովի կաթ, արհեստական խառնուրդներ)
Մեծ «պահանջներով» երեխաներ
Նորածնի սնուցումը
Ներկայումս հասուն, առողջ նորածնին մոտեցնում են կրծքին անմիջապես ծննդաբերությունից հետո: Խորհուրդ է տրվում մոր և մանկան համատեղ կեցությունը, կերակրման ռեժիմը ազատ է՝ ըստ երեխայի պահանջի, առանց գիշերային ընդմիջումների. Կրծքով կերակրվող երեխան մինչև 6 ամսականը չի ստանում ոչ մի այլ սնունդ, բացի կրծքի կաթից: Խորհուրդ չի տրվում տալ ջուր, թեյ, այլ հյութեր: Հավելյալ սնունդը պետք է տալ 6 ամսականից: