
Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. Financial Times

Մեծ Բրիտանիան գազի լուրջ անբավարարության դեպքում կարող է դադարեցնել դրա մատակարարումը մայրցամաքային Եվրոպային: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ նման միջոցն առաջիններից մեկը կդառնա արտակարգ պլանի շրջանակներում, որը կարող է նախաձեռնվել բրիտանական National Grid էներգետիկական ընկերության կողմից:
Հաղորդվում է, որ ռազմավարությունը նախատեսում է Նիդեռլանդներ եւ Բելգիա գնացող խողովակաշարերի փակում: Այն ֆոնին, երբ եվրոպական երկրները բախվեն «Ռուսաստանից գազի արտահանումը դադարեցնելու հեռանկարին», այդ պլանն սպառնում է վնաս հասցնել էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության ձգտելուն, ասվում է հրապարակման մեջ: Ինչպես նշում է թերթը, Եվրոպայի գազային ընկերությունները կոչ են արել Մեծ Բրիտանիային՝ համագործակցել ԵՄ-ի հետ եւ նախազգուշացրել են, որ խողովակաշարերի անջատումը կարող է տհաճ հետեւանքներ ունենալ:
Նշվում է, որ ձմեռային ժամանակաշրջանում Բրիտանիան մայրցամաքային Եվրոպայից ներմուծում է զգալի ծավալներով գազ: Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին:
Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների վեց փաթեթ, որոնք, մասնավորապես, նախատեսում են աստիճանական արգելք սահմանել ածխի եւ նավթի ներմուծման վրա: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ քայլերը հրահրել են գների կտրուկ ռեկորդային բարձրացման, մասնավորապես, վառելիքի եւ պարենամթերքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: