
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ կժամանի Հայաստան: Քառօրյա այցի շրջանակներում նախարարը կլինի նաև Վրաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
Ըստ հաղորդագրության՝ դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցը մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
«Այս տարի Գերմանիան և Հայաստանը տոնում են իրենց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը. դաշնային նախարարի այցն այս առիթը նշանավորելու կարևորագույն քայլ է: Մեր գործընկերների հետ շփումների միջոցով կցանկանայի պատկերացում կազմել՝ ինչպես կարող է Գերմանիան լավագույնս աջակցել Հայաստանին»,-նախարարի խոսքերը մեջբերել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը: