Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր

Երևանում հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից։

«Այս ներդրումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ և ռազմավարական գործընկերություն։ Մեր նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան և մեր բիզնեսը տարածաշրջանում: Մենք նաև ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավել կայուն և մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարել խնայողությունները և ներդրումները»,– ասել է Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը:

«Մենք հավատում ենք, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Վարշավայի ֆոնդային բորսայի նման գործընկեր գտնելով ու գիտակցելով, որ ունենք նույն տեսլականը, մենք կարծում ենք, որ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ: Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքները՝ ՀՖԲ-ն ունի ընդլայնվելու և հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ, որն ունակ կլինի դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին»,– նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս