Մեծ Բրիտանիան մինչև 12 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղիների վերանորոգմանը
Մեծ Բրիտանիան մտադիր է մինչեւ 10 մլն ֆունտ (12,28 մլն դոլար) հատկացնել «Ուկրաինական երկաթուղիների» վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի արտահանումը դյուրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Մեծ Բրիտանիան մինչեւ 10 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի «Ուկրաինական երկաթուղիների» համար նյութերին ու սարքավորմանը՝ երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման եւ երկրից երկաթուղով հացահատիկի արտահանմանն օգնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ այն բանի շուրջ, թե ինչպես «առավելագույն չափով մեծացնել երկաթուղիների թողունակությունը եւ ապահովել ինչպես գնացքների երթեւեկությունը, այնպես էլ հացահատիկի արտահանումը»:
Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք շրջաններում դիտվում են պարենամթերքի հետ կապված խնդիրներ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆուն դեր Լյայենը պարենային ճգնաժամի սպառնալիքը կապել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ: Նման տեսակետ են արտահայտում նաեւ մյուս արեւմտյան ղեկավարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արեւմուտքն անտեսում է համաշխարհային տնտեսության բազային սկզբունքները. արդյունքում տնտեսական ճգնաժամը ձեռք է բերում շարունակական բնույթ, դիտվում են գլոբալ պարենային անվտանգության հետ կապված դժվարություններ, խիստ բարձրանում են հացահատիկային մշակաբույսերի, մյուս բազային գյուղատնտեսական արտադրանքների գները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: