Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Զանգեզուրը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք․ Մանվել Եղիազարյան
Եկել-հասել ենք մի օրհասական վիճակի, երբ վարչապետի աթոռին մի մարդ է հայտնվել, որը որևէ բանի առաջ կանգ չի առնի, նա մտածում է, թե պատասխան չի տալու։ Հայաստանի որևէ իշխանություն նման ավերներ չի գործել։ Նա հասկանում է, որ հայրենիքին դավաճանելը, այն վաճառելը, հակառակորդին մատնելն աններելի քայլ է, որի համար վաղ թե ուշ պետք է պատասխան տա։ Եթե մարդիկ կան, որոնց մենք այսօր հնարավորություն չունենք պատժելու, դա չի նշանակում, թե մենք իրենց ներել ենք։ Եթե չկարողանանք պահել Արցախը, կկորցնենք Հայաստանը։ Հասարակությունն այսօր թևաթափ է, շատերը լքել են Հայաստանը, և նրանց մեծամասնությունն ըմբոստներն են։ Մենք հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել, և ինչպես որբ երեխան ընտանիքում՝ քաղաքականապես անապաստան ենք, չենք ձևավորվել, ձևավորվածն էլ ոչնչացված է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Ազգային ոգին վերացել է, մարդիկ են խոսում, որոնք որևէ կապ չունեն արցախյան ազատամարտի հետ։ Ամեն ինչ տրվել է կեղծիքի, ստի, շատ բան արժեզրկվել է։ Մենք չկարողացանք իմաստնանալ, մենք արդար չեղանք, հասարակությանը չներկայացրինք մեր գենի ամբողջական պատկերը։ Մենք պետության արժանի կլինենք միայն այն ժամանակ, երբ ուժը կհամախմբի բոլորիս։ Հարկավոր է մեռնել հանուն նպատակի, ինչպես իռլանդացիները։ Փաշինյանը դավադրաբար վաճառելու է հնարավոր ամեն ինչ, ցինիկաբար ասելու է՝ Զանգեզուրը մեր ինչի՞ն է պետք, դա էլ տանք։ Իսկ ժողովուրդը չի գիտակցում դա, դարձել է անբարբառ։ Ես գիտեմ, թե ինչպես է պետք լուծել հարցերը, բայց դա հայրենասերի ճանապարհ չէ։ Ասում են՝ սրանց ոչնչացրեք։ Քենեդուն էլ սպանեցին, սրանք ո՞վ են, բայց ես ոչ թե աթոռ, այլ պետություն եմ ուզում։ Նման լուծման գնալու դեպքում արտաքին ուժերի ձեռքին խաղալիք ենք դառնալու, և եթե իշխանությունն արյունով վերցնես, այդպես էլ պիտի պահես։ Այս իշխանությունը չգիտի՝ ինչ է ուզում, պատահաբար է հայտնվել այդտեղ»,- ասաց ազատամարտիկը։
«Երբ Եմելյան Պուգաչովը ժամանակին Ռուսաստանում ինքնակալության դեմ ապստամբում էր, նրան թուրքերն էին օգնում։ Սրանց մի մասին դարձյալ թուրքերն են վարձատրում։ Կա՛մ լրտես են, կա՛մ անմեղսունակ, հայրենիքը հանձնում են, պետք է մի քանիսին մահակի տակ տալ, որ խելքը գլուխը հավաքեն։ Այս խճճված վիճակին լուծում չեմ տեսնում, եթե այսպես շարունակվի, Հայաստանը կդառնա կլանային երկիր, այդկերպ ոչ միայն Արցախը, այլև Սյունիքն էլ կտանք, Երևանն էլ հարցականի տակ կդրվի։ Մենք չենք կարողանում դավաճանին պատժել, նրա ձեռքը բռնել, իսկ թշնամին էլ լկտիանում է։ Ցավոք, հասարակության այն շերտը, որը դեմ կկանգներ նրան, փոքր է։ Հասարակության պաշտպանական շերտը քայքայվել է, հարցի լուծումը մնացել է անհատների և փոքր խմբերի վրա։ Քննիչ հանձնաժողովն էլ անգործության է մատնված, եթե գործի էլ, ոչ մի արդյունք չենք ունենա, մեկի վրա մեղքը կբարդեն և գործը կփակեն։ Մեր հայրենիքը սարսափելի ծանր հիվանդ է, նրան ոչ թե թերապևտիկ բուժում, այլ անդամահատում է ցուցված»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Ռազմական գործչի կարծիքով՝ այսօր արդեն սկսել են ազգային հերոսների արձանները պղծել, քանի որ հայրենիքը պատառ-պատառ տրվում է թշնամուն․ «Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հաջորդ նախագահը կարող է ադրբեջանցի լինել։ Ո՞ւր են ազատամարտի հրամանատարները, դուք սա՞ էիք։ Ամեն ինչ անում են՝ հայ տղամարդու պատիվը ստորացնելու համար։ Սփյուռքի հայ կանայք ասում են՝ ամաչում ենք, երբ դրսում ադրբեջանցու ենք տեսնում։ Սրանք ամեն ինչ անում են, հանձնվում են Ադրբեջանին և կատարում են Թուրքիայի հրահանգները։ Հայրենիքն այս վիճակի մեջ է, գողացել են երեխաների ճակատագիրը, վաղվա օրն անորոշ է։ Ես միշտ ներկա եմ Ազատության հրապարակում՝ որպես պատվախնդիր հայ։ Մենք չենք կարող ստամոքսի համար ապրել, ամոթ է։ 44-օրյա պատերազմը մեծ դավ էր, Փաշինյանն ու Ալիևն իրար մեջ հարցեր լուծեցին»:
«Մեր քաղաքական գործիչներն իրականում վարժապետներ են։ Սարդարապատի ճակատամարտում Եղեռնից մազապուրծ հայ ժողովուրդն իրոք կռվեց, բայց Բաթումում պայմանագիր ստորագրվեց։ Ո՞վ թույլ չտվեց թուրքական միջանցքի բացումը Զանգեզուրում՝ Նժդեհը։ Սրանք կիսամեռած Ադրբեջանի դեմ չեն կարողանում կանգնել։ Ջրականում հակառակորդի դեմ բաց դաշտում էինք, անգամ նռնականետ չունեինք, ԱԹՍ-ների դեմ բոլորին անպաշտպան կանգնեցրել էին ու խուճապ էին տարածում։ Միտումնավոր հանձնում էին Արցախը։ Մենք պարտություն չենք կրել, մեր թևերը կապել էին։ Եթե բոլորը փախել են, բա 5000 զոհն ու 10 հազար վիրավորն ովքե՞ր էին։ Եթե համաշխարհային վիճակը վերահսկողությունից դուրս գա, մենք կարող ենք շահել և մեր կամքից անկախ իրավիճակ փոխել»,- ամփոփեց Մանվել Եղիազարյանը: