
Հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում հիմնադրամի հանդեպ վստահության խնդիր է առաջացել. Արտակ Բեգլարյանը՝ Հայկակ Արշամյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձանագրեց, որ տեղի ունեցած տարբեր զարգացումների պատճառով, հատկապես սփյուռքյան տարբեր համայնքներում, հիմնադրամի հանդեպ վստահության խնդիր է առաջացել:
Դիմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին՝ Արտակ Բեգլարյանը հետաքրքրվեց, թե վստահության վերականգնման և հետագա բարձրացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարել:
Ի պատասխան՝ Հայկական Արշամյանը պարզաբանեց. «Ես կարծում եմ, որ հիմնադրամի նկատմամբ վստահության խնդիրը մեծամասամբ քաղաքական կոնտեքստ ունի։ Այդ հարցն ուղղակի շահարկվել է հենց պատերազմի ավարտից հետո, և հիմնադրամի դեմ տեղի է ունեցել մտածված և ուղղորդված մեդիաարշավ։
Ցավոք սրտի, մենք մինչև այսօր քաղում ենք դրա պտուղները։ Հիմնադրամի գործունեությունը, որն ամբողջովին ապաքաղաքական կառույց է՝ իր ծրագրերով և գործունեությամբ, անընդհատ փորձել են քաղաքականացնել։
Վերջին երկու տարվա ընթացքում հիմնադրամն ամենամսյա պարբերական հաշվետվություններ է ուղարկում իր գործունեության վերաբերյալ մեր տասնյակ-հազարավոր շահառուների, նվիրատուների, ինչպես նաև՝ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին են գնում այդ ամփոփագրերը, մեր տեղական մարմիններն են ստանում այդ ամփոփագրերը: Մեր գործով մենք փորձում ենք ապացուցել՝ հիմնադրամն ինչպիսի կարևոր կառույց է:
Մենք նաև, իրականում, քաղաքական ենթատեքստով դատական պրոցեսների մեջ ենք»:
Հիշեցնենք, որ 168.am–ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի օրերին հավաքագրված գումարների և, մասնավորապես, կառավարությանը փոխանցված 52 մլրդ 700 մլն դրամի ոդիսականին: Մեկ անգամ չէ, որ հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնել էին կառավարությանը փոխանցած 52 միլիարդ դրամի ծախսագրման խնդրի մասին:
ԱԺ-ում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հարցի առնչությամբ նախաձեռնել էին նաև քննիչ հանձնաժողովի ստեղծում:
Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հայտարերել էր, որ Հաշվեքննիչ պալատը դեռ չի ավարտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը:
«Մենք ենթադրաբար մինչև այս ամսվա վերջ կունենանք հաշվեքննության արդյունքները»,- նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: