Ռուսաստանի համար Ղարաբաղյան գոտում մարտահրավերային փուլ է․ Սկակով
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
Սկակովի խոսքով՝ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ բոլոր տարածաշրջաններում մրցավազքի ֆոնին, հաշվի առնելով նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտահրավերները և Արևմուտքի մեծացող ազդեցությունը, ՌԴ-ն պետք է կարողանա նոր թափ հաղորդել Երևանի ու Բաքվի հետ իր երկխոսությանը՝ և՛ առանձին-առանձին ձևաչափով, և՛ եռակողմ ձևաչափերով։ Նրա գնահատմամբ, սա Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության համար նաև մարտահրավերային շրջան է, քանի որ հարվածները բազմաթիվ կողմերից են գալիս։
«Նման իրավիճակում հակամարտող կողմերի պահանջները ևս բարձր են հնչում, քանի որ կա նաև միջնորդ այլ կողմ, որի հետ այսօր հանդիպելը գուցե կողմերի համար ավելի շահավետ դիտարկվի, և կփորձեն օգտվել իրավիճակից բոլորը, և այստեղ ռուսական կողմից հավելյալ ջանքեր են հարկավոր կողմերի ակնկալիքները բալանսավորելու և կողմերի նկատմամբ ազդեցությունը պահպանելու համար։ Ինչպես տեսնում ենք, պատերազմի ընթացքում կողմերի կողմից Ռուսաստանի առջև ավելի սուր հարցեր ու խնդիրներ են դրվում, և՛ Երևանում, և՛ Բաքվում նշվեց, որ ՌԴ-ն պետք է հավելյալ ջանքեր գործադրի այս կամ այն հարցը լուծելու համար։
Բաքվում ևս նկատվեց երկու ուղղություն, որոնց հարցում կան ակնկալիքներ՝ Խաղաղության համաձայնագիրը և Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհը, ակնհայտորեն՝ Բաքուն արագացնում է, ցանկանում օր առաջ բացել այդ ճանապարհը, սակայն այստեղ կա փակ բանակցությունների հարց, և հասկանալի է, որ կան խնդիրներ, որոնք կապված են լայն ասպեկտի հարցերի հետ»,- ասաց Սկակովը։
Նա արձանագրեց, որ Բաքվի հռետորաբանությունը վերջին շրջանում նկատելիորեն սրվում է։
«Շատ հարցերում տարաձայնությունները շարունակվում են, հանգեցնում սպառնալիքների բառապաշարի ակտիվացման, ինչը, իհարկե, վտանգներ պարունակում է, բայց խաղաղապահների ներկայությունն այստեղ որքան կայունացնող գործոն է, այնքան էլ պատասխանատվություն է, որը երկու կողմերը կշահարկեն։ Ուստի Ռուսաստանի համար թե՛ դիվանագիտական, թե՛ տեղում ռազմական իմաստով մեծ պատասխանատվություն կա, հաշվի առնելով մարտահրավերային փուլը»,- նկատեց նա։