Բաժիններ՝

Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ:

Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Չորրորդ հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեն հանդիպում է սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ ժողովուրդների հեքիաթներում:

Հինգերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ութերորդ տեղում է «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» գիրքը։ «Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» ժողովածուում հանդիպում ենք Մոխրոտիկին ու Սպիտակաձյունիկին, Ռապունցելին ու Զընգ-զընգին, Միքի Մաուսին ու Ռոբին Հուդին և նույնիսկ Մայքին ու Սալիին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները:

Իններորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Տասներորդ հորիզոնականում կրկին «Բոքոնիկը» գիրքն է, որը ներկայացված է մեկ այլ հրատարակչության լույս ընծայած տարբերակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս