«Շնորհակալության փոխարեն՝ առաջարկեն ավելի ցածր պաշտոն, ու այնտեղ էլ կյանքիցս 10 տարի ներդնեմ, և ասեն՝ արդեն թոշակառու ես, հաջողությո՞ւն: պոլիկլինիկայի նախկին տնօրեն
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները հունիսի 17-ից պահանջում են, որ իրենց տնօրեն Աննա Սիսոյանին չտեղափոխեն այլ աշխատանքի: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին, սակայն քաղաքապետի հրամանով 20.06.2022թ. ազատվել է աշխատանքից, և նրան առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա:
Պոլիկլինիկայի տնօրենի փորձաքննության գծով տեղակալ Կարինե Հայրապետյանը, որ ժամանակավոր կատարում է տնօրենի պարտականությունը, 168.am-ին տեղեկացրեց, որ դեռ նոր տնօրեն նշանակված չէ:
«Հունիսի 17-ին բերեցին նախկին տնօրենի ազատման հրամանը, որ աշխատանքից ազատված է ամսի 20-ից: Նա հունիսի 20-ից չի գալիս, իսկ այդ նույն հրամանով ես եմ փոխարինում նրան, նոր տնօրենից դեռևս լուր չունենք»,- ասաց Կարինե Հայրապետյանը:
Կապ հաստատեցինք նաև Աննա Սիսոյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ընդունել է աշխատանքի առաջարկը, բացասական պատասխան ստանալուց հետո հետաքրքրվեցինք, թե որն է առաջարկը չընդունելու պատճառը, ինչպես Քաղաքապետարանից էին մեկնաբանել, առաջարկն արվել է, որովհետև բժշկի հաջողված փորձը մեկ այլ պոլիկլինիկայում ևս կիրառելու նպատակ ունեն։ Աննա Սիսոյանն արձագանքեց. «Ես հո շինարա՞ր չեմ: Տարիները ներդրել եմ, որ սա հասցնեմ այս մակարդակին, որ շնորհակալության փոխարեն՝ առաջարկեն ավելի ցածր պաշտոն, ու այնտեղ էլ կյանքիցս 10 տարի ներդնեմ, և ասեն՝ արդեն թոշակառու ես, հաջողությո՞ւն:
Առաջարկվել է ուղղակի ավելի մեծ պոլիկլինիկայի փոխտնօրենի պաշտոն: Խոսքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասին է (Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համապետական նշանակություն ունեցող խոշորագույն բուժմիավորումներից է, որը սպասարկում է Երևանի և մարզերի բնակչությանը: ԲԿ-ն կազմավորվել է 2005-2008թթ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ հայկական առողջապահական համակարգի բարելավման ծրագրով, միավորում է երեխաների և մեծահասակների բազմաճյուղ հիվանդանոցը, «Սուրբ Աստվածածին» ծննդատունը և «Արտաշիսյան» համաբուժարանը (պոլիկլինիկան): Սակայն իմ, պոլիկլինիկայի աշխատողների համար էլ է աբսուրդ, որ եթե գոհ են, գնահատում են աշխատանքը, ապա ինչո՞ւ են աշխատանքից ազատում: Առաջարկ էին արել՝ չէի ընդունել, թող սպասեին, մինչև իմ ժամկետը կլրանար, որից հետո ես կորոշեի՝ ուրիշ պոլիկլինիկայի համար մրցույթի մասնակցեի՞, թե՞ ոչ: Լավ պոլիկլինիկա էր, ամեն ինչ կարգին, սարքին, լրիվ վերակառուցված, տեղը տեղին և դա ինչ-որ մեկին պետք էր»,- ասաց Աննա Սիսոյանը:
Հավելենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից, մեր հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել էին. «Իրականում այն տնօրենները, որոնք իրենց տեղերում բավականին արդյունավետ աշխատել են, ու գոհ ենք նրանցից, ու սա այդ դեպքն է, պարզապես ռոտացիայի կարգով՝ փորձի փոխանակման, նաև նույն արդյունավետությունը այլ տեղերում ապահովելու համար կադրային փոփոխություն ենք անում: Տնօրենին առաջարկվել է մեկ այլ պոլիկլինիկա ղեկավարել՝ ավելի մեծ, շատ բնակչություն սպասարկող, բայց տնօրենը կարծես թե հրաժարվել է: Մեր նպատակն ընդամենը եղել է՝ իր հաջողված փորձը տեղափոխել այլ պոլիկլինիկա, ներդնել գիտելիքները: Իսկ նոր տնօրենը, ով կնշանակվի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում՝ բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, բազմափորձ մարդ»: