Բաժիններ՝

Մեր նպատակն է եղել նրա հաջողված փորձը տեղափոխել այլ պոլիկլինիկա. Քաղաքապետարանը՝ պոլիկլինիկայի տնօրենին աշխատանքից ազատելու մասին

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու պացիենտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ տնօրենին հեռացնելու դեմ:

Պացիենտներից Աիդա Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 50 տարի օգտվում է պոլիկլինիկայից, գոհ է բուժանձնակազմից:

«Էս կոլեկտիվին, թաղամասի բնակիչներին հարցրե՞լ են՝ տնօրենից, որևէ բուժաշխատողից բողոքո՞ւմ են: Կոլեկտիվն անորոշության մեջ է, իրենց արժանի տնօրենին, առանց իրենց կարծիքը հարցնելու, հեռացնում են»,- ասաց Աիդա Այվազյանը:

Մեկ այլ պացիենտ էլ՝ Կարեն Մարգարյանը, հավելեց. «Եթե նայեք շենքին, բակին, կոլեկտիվին, կհասկանաք, որ այստեղ ամեն ինչ եղել է դրական: Սպասարկումը եղել է բարձր մակարդակի: Ես չգիտեմ՝ խնդիրը որն է, բայց ով նման որոշում է կայացրել, երևի չի մտածել, թե ինչ է անում: Այսօր այս պոլիկլինիկան կլինի, վաղը՝ մյուսը, ու կդառնա այն տարբերակը, որ գրագետ մարդուն ազատում են, անգրագետին բերում, տեղավորում են»:

168.am-ը կապ հաստատեց Պոլիկլինիկայի տնօրենի փորձաքննության գծով տեղակալ Կարինե Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է եղել տնօրենին պաշտոնից ազատելու պատճառը, գուցե պաշտոնավարման ժամկե՞տն է լրացել, Կարինե Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին: Իսկ աշխատանքից ազատելու պատճառը հայտնի չէ: Հրամանը ստացել ենք այսօր, Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված է հունիսի 2-ին, բայց մենք ստացել ենք հունիսի 17-ին, ժամը 12:00-ին: Նշված է, որ տնօրեն Աննա Սիսոյանն ազատված է աշխատանքից 20.06.2022թ.: Այդ գրության մեջ տնօրեն ինձ են ժամանակավոր նշանակել, բայց ես այդ նշանակումը չեմ կարող ընդունել»:

Ինչ վերաբերում է բուժանձնակազմի պահանջին՝ տնօրենի տեղակալն ասաց, որ եթե տնօրենը լավ է աշխատում, բնակիչները, աշխատակիցները գոհ են, ինչո՞ւ պետք է աշխատանքից ազատեն:

«Տնօրենը ժողով արեց և ասաց, որ իրեն առաջարկվել է այլ աշխատանքի տեղափոխվել՝ այլ բուժհիմնարկի փոխտնօրեն, մենք այդ ժամանակ շատ վրդովվեցինք: Նամակներ գրեցինք վարչապետին, ՄԻՊ-ին, Քաղաքապետարան, պատգամավորների: Նամակները 150 հոգուց ավելի մարդ է ստորագրել 10 րոպեում: Նա 12 տարվա տնօրեն է»:

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից էլ մեր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին. «Իրականում այն տնօրենները, որոնք իրենց տեղերում բավականին արդյունավետ աշխատել են, ու գոհ ենք նրանցից, ու սա այդ դեպքն է, պարզապես ռոտացիայի կարգով՝ փորձի փոխանակման, նաև նույն արդյունավետությունը այլ տեղերում ապահովելու համար կադրային փոփոխություն ենք անում: Տնօրենին առաջարկվել է մեկ այլ պոլիկլինիկա ղեկավարել՝ ավելի մեծ, շատ բնակչություն սպասարկող, բայց տնօրենը կարծես թե հրաժարվել է: Մեր նպատակն ընդամենը եղել է իր հաջողված փորձը տեղափոխել այլ պոլիկլինիկա, ներդնել գիտելիքները: Իսկ նոր տնօրենը, ով կնշանակվի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում՝ բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է, բազմափորձ մարդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս