Ռուբեն Վարդազարյանը չէր ներկայացել իր վերաբերյալ քննվող վարույթին. ԲԴԽ-ն մերժեց նրա ներկայացուցչի երկու միջնորդությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը:

Հանձնախմբի կազմում են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության առիթը վերջինիս՝ 10.05.2022թ. տված հարցազրույցներից մեկի հետևյալ հատվածն է.

«Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ… Դե հիմա եկեք պատկերացնենք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»:

ԲԴԽ-ում համարել էին, որ Ռուբեն Վարդազարյանը խախտել է դատավորի էթիկայի կանոնները:

Ինչևէ, նիստի սկզբում պարզ դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը չեն ներկայացել նիստի քննությանը:

ԲԴԽ-ն ներկա էր ամբողջ կազմով:

Ավելին, Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու և այսօրվա նիստը հետաձգելու մասին:

ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց միջնորդությունները քննարկել առանձին-առանձին, ապա նիստի քարտուղարին խնդրեց ընթերցել Արամ Օրբելյանի՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ հունիսի 14-ին ներկայացված միջնորդությունը: Խորհուրդը միջնորդությունն ամբողջությամբ լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Վերադառնալով՝ ԲԴԽ-ն հայտարարեց՝ որոշել են Արամ Օրբելյանի միջնորդությունը Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ մերժել:

Հաջորդիվ նիստերի քարտուղարը կարդաց Արամ Օրբելյանի հաջորդ միջնորդությունը՝ նիստը հետաձգելու մասին: Որպես պատճառ՝ նշվում էր, որ Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատական այլ նիստերով ծանրաբեռնված է, չի կարողացել ներկայանալ նիստին, հետևաբար խնդրում է հետաձգել այն:

ԲԴԽ անդամների հարցերից պարզ դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը միջնորդության մեջ որևէ դիրքորոշում չի հայտնել իր ներկայանալու վերաբերյալ:

ԲԴԽ-ն կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ այս անգամ այս հարցով որոշում կայացնելու համար: Այս միջնորդությունը ևս մերժվեց:

Կարգապահական վարույթի քննությունը շարունակվեց, և ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրեց իրենց իսկ կազմած միջնորդությունը Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս