«Վարդազարյանին խնդրել եմ տրամադրել ձայնագրության ամբողջական օրինակը». Գրիգոր Բեքմեզյան
Ժամեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի հետ համատեղ հրավիրած ասուլիսի ընթացքում ձայնագրություն հրապարակեց, որում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ձայնագրության պահին չլինելով պաշտոնատար անձ, Ռուբեն Վարդազարյանին փոխանցում է ինչ-որ մեկի պահանջը՝ հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից:
Ըստ Ռուբեն Վարդազարյանի՝ ինքը դրանից հետո մոտ 1.5 ամիս դեռևս շարունակել է պաշտոնավարել, հետո իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և իր լիազորությունները կասեցվել են:
«Դու երեխեք ունես: Քանի սաղ ենք, ես ու Ստեփանը գարանտ ենք: Ժամանակն արդեն տվել ենք, անցնելուց հետո ես էլ բան չեմ կարա անեմ: Ես ինչ կարացել, արել եմ, որ դու քո դեմքը պահես… Քո ասած ժամկետից հետո իմ համար անհնար կլինի: Էլ ինձ չեն լսելու: Էդ ժամկետը որ դու ասել ես, էդ մարդը կտրուկ դեմ է եղել, ես եմ խնդրել, համաձայնեցրել: Որոշումը քոնն ա: Բայց ես չեմ ուզում մեզ մոտ սարքել ՍԴ-ի սիտուացիան: Ես չեմ վախացնում»,- մասնավորապես ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:
Ռուբեն Վարդազարյանի հարցին՝ Ջհանգիրյանի ինչի՞ն է պետք այս ամենը, վերջինս պատասխանում է՝ ինքը չի ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը հետ գա:
«Եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, Ղազինյանն ա գալու, գնամ կանգնեմ կողքները: Սերժն էլ չի գալու, դաշնակներն ու ինքն են գալու»,- եզրափակում է Գագիկ Ջհանգիրյանը:
Ձայնագրության հրապարակումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռուբեն Վարդազարյանն արձանագրել էր՝ իրենից ուզում են ազատվել, քանի որ ինքը դեմ է կախյալ դատարաններին:
«Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի դատարանները կատարեն քաղաքական պատվերներ: Ես միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների ու այն սուբյեկտների միջև, որոնք փորձում են դատարանների վրա ճնշում գործադրել: Իմ խորին համոզմամբ՝ միակ ելքն այն է, որ դատարաններն ապաքաղաքական լինեն: Այդ իսկ պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը, ընդդիմությանը կամ հասարակական կազմակերպություններին»,- ասել էր Ռուբեն Վարդազարյանը:
Նա նաև դիմել էր իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած հանձնախմբի անդամներին:
«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, տեսաք, որ ակնհայտ քաղաքականացված անձ է Ջհանգիրյանը, հստակ ասաց՝ իր ինչի՞ն են պետք այս ամենը: Դե ձեզ տեսնեմ, հարուցեք կարգապահական վարույթ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ»,- ասել էր նա:
168.am-ը ԲԴԽ անդամ, Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանձնախմբի անդամ Գրիգոր Բեքմեզյանին խնդրեց անդրադառնալ վերոբերյալ դիմումին: Խնդրեցինք պատասխանել՝ արդյո՞ք ինքը խնդիր տեսնում է Ջհանգիրյանի խոսքերի մեջ:
«Քանի որ ձայնագրությունը մոնտաժված է, և պարոն Վարդազարյանն ինքն էլ իր խոսքի մեջ ասում է, որ մոնտաժված է, ձայնագրության մասին որևէ կարծիք ասել չեմ կարող»,- ասաց ԲԴԽ անդամը:
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի խոսքերին, էլի, ըստ Գրիգոր Բեքմեզյանի, պետք է ամբողջական ձայնագրությունն ունենալ:
«Ես հենց հիմա արդեն օգնականիս տվել եմ գրության օրինակը, որ տան Դատական դեպարտամենտին՝ Վարդազարյանին ուղարկելու համար: Խնդրել եմ տրամադրել ձայնագրության ամբողջական օրինակը: Երբ որ ձայնագրության ամբողջական օրինակը կլինի, այդ դեպքում արդեն կամ մենք՝ նախաձեռնող խմբով, կամ Խորհուրդը իր դիրքորոշումը կունենա: Մինչ այդ որևէ ավել մեկնաբանություն, քան ասացի հիմա, տալ չեմ կարող»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը: