
«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, դե ձեզ տեսնեմ, հարուցեք վարույթ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ». Ռուբեն Վարդազարյան

Իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ 1.5 տարի առաջվա սկանդալային ձայնագրության՝ 14 րոպեանոց հատվածի հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա անդրադարձավ նաև իր հայտնի՝ «Ջհանգիրյան, ես մերժում եմ քո առաջարկը» գրառման շարժառիթին:
«Եթե մինչև այն օրվա ժամը 12:00-ն, երբ ես մերժումը հրապարակեցի, ես հրաժարական եմ տալիս, ապա վերադառնում եմ, դառնում ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Վերջինս նկատեց՝ ինքը հասկացել է՝ ինչո՞ւ են ուզում իրենից ազատվել:
«Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի դատարանները կատարեն քաղաքական պատվերներ: Ես միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների ու այն սուբյեկտների միջև, որոնք փորձում են դատարանների վրա ճնշում գործադրել: Իմ խորին համոզմամբ՝ միակ ելքն այն է, որ դատարաններն ապաքաղաքական լինեն: Այդ իսկ պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը, ընդդիմությանը կամ հասարակական կազմակերպություններին»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Հարցին՝ ըստ իրեն՝ Ջհանգիրյանը սոսկ կատարո՞ղ է, թե՞ շահագրգռվածություն ունի, Ռուբեն Վարդազարյանը պատասխանում է՝ ինքը վստահ է՝ շատ բաներ կազմակերպված են անձամբ Գագիկ Ջհանգիրյանի կողմից:
«Դուք էլ լսեցիք՝ վերջինս կառավարում է դատախազության որոշակի գործողությունները, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունները»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Նա նկատեց նաև՝ նշված հանդիպումը կազմակերպել է իր լավ ընկեր, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:
«Ստեփան Միքայելյանն ասաց՝ լարվածությունը թուլացնելու համար պետք է հանդիպել և խոսել: Իսկ ես քանի որ գիտեի, որ հանդիպելու եմ մի մարդու հետ, ով բացարձակ կարմիր գիծ չունի, ես խնդրեցի իմ ընկերներին, ովքեր տվեցին ինձ մի սարք, որով և ձայնագրել եմ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ այդ զրույցից հետո դեռևս մոտ 1.5 ամիս ինքը պաշտոնավարել է:
Արամ Օրբելյանը նշեց, որ ինքնին իր կատարած ձայնագրության համար Ռուբեն Վարդազարյանը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, քանի որ ինքը զրույցի մասնակիցներից մեկն է: Այլ հարց է դրա օգտագործման թույլատրելիությունը, որը պետք է քննարկվի:
Ռուբեն Վարդազարյանը դիմեց նաև իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած հանձնախմբի անդամներին:
«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, տեսաք, որ ակնհայտ քաղաքականացված անձ է Ջհանգիրյանը, հստակ ասաց՝ իր ինչի՞ն են պետք այս ամենը: Դե ձեզ տեսնեմ, հարուցեք կարգապահական վարույթ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը: