Բաժիններ՝

Ուսուցչական մեկ դրույքի համար կսահմանվի նվազագույն աշխատավարձ՝ 108․800 դրամ

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին»։

Նախագծում նշվում է, որ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանվելու է նվազագույն աշխատավարձ՝ 108,8 հազար դրամ։ Դասղեկության համար նախատեսվող լրավճարը, որը հավասար է մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին, 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին:

Մեթոդ միավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսին, մինչև 9 դասարան ունեցող դպրոցի տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի, քան 4, 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդ միավորների հաշվարկով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադառնալով նախագծին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Բոլոր դպրոցներում ամրագրում ենք հոգեբանների առկայության պահանջը։ Ամրագրում ենք ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայություններ, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Ամրագրում ենք լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։ Ուսուցչական դրույքներն արդեն իսկ պլանավորում ենք նոր կառուցվածքի համաձայն 2023թ.-ից՝ 18 շաբաթական դասավանդվող ժամ տարրականների և 20 շաբաթական դասավանդվող ժամ միջին և ավագ աստիճանի համար»։

Ըստ պաշտոնյայի ամենակարևորն այն է, որ «սահմանել են սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները, համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման մասնակիցներից Աստղիկ Գևորգյանը հորդորել է վերանայել սոցիալական մանկավարժների և սոցիալական աշխատողների կրճատման հարցը դպրոցներից: Նրա խոսքով՝ դպրոցներում նրանց աշխատանքի կարևորությունն ակնհայտ է և անբացառելի: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ նախագծով նախատեսվում է դպրոցներում ունենալ հոգեբանների հաստիք, իսկ մյուս ծառայությունները կտրամադրվեն ՏՄԱԿ-ների կողմից։

Քաղաքացի Վոլոդյա Զախարյանն էլ նկատել է, որ բոլոր ոլորտներում բարձրանում է աշխատողների և ոչ տնօրենների աշխատավարձը: «Տնօրենները միշտ էլ աշխատում են անշահախնդիր և արժանապատիվ` հանուն մեր երեխաների կրթության և մեր երկրի զարգացման, բայց տարիներ շարունակ` նաև հիմա, տնօրեններն աշխատել են շատ չնչին աշխատավարձով ու չեն բարձրաձայնել դրա մասին: Ձեր առաջարկած 2,30 գործակցով տնօրենի աշխատավարձը կազմում է 157000 հազար դրամ, հարկումից հետո մնում է 110-120 հազար դրամ: Սա ոչ ավել, ոչ պակաս արհամարհանք է տնօրենի նկատմամբ: Ո՞ր տնօրենն այս խղճուկ աշխատավարձով կաշխատի ամենաանշնորհակալ և ամենապատասխանատու գործում: Առաջարկում եմ տնօրենի հաստիքի համար նախատեսված նվազագույն 2,3 գործակիցը կրկնապատկել՝ անկախ դպրոցի աշակերտների թվից»:

Հարցին պատասխանել են՝ մասնավորապես նշելով, որ հաշվարկները ստույգ չեն և 2,3 գործակից կիրառելով՝ տնօրենի նվազագույն աշխատավարձը հավասար կլինի 213.000 դրամի, իսկ մեծ դպրոցների դեպքում կարգով նախատեսվում է ունենալ 300.000 դրամից ավելի տնօրենի աշխատավարձ։

Քննարկմանը մասնակցած Արաքսյա Գևորգյանն էլ մեկնաբանություն է թողել կայքում՝ ընդգծելով, որ 35 աշակերտով կոմպլեկտավորված դասարաններում հնարավոր չէ ապահովել տարբերակված ուսուցում, արդյունավետ դաս և, առավել ևս, որակ, որքան էլ ուսուցիչը փորձառու լինի, տիրապետի տարատեսակ մեթոդների, ունենա հիմնավոր գիտելիքներ: «Չէ՞ որ երեխաները տարբեր ընդունակություններ և կարողություններ ունեն. մի քանիսն անմիջապես են հասկանում ուսուցչի պահանջը, առաջադրանքը, դասանյութը, շատերն էլ 2-3 կամ ավելի անգամներ բացատրելուց հետո դարձյալ օգնության կարիք են ունենում: Իսկ 45 րոպեում 35 աշակերտներից յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան կրթություն ապահովելը պարզապես անհնար է. Արդյունքում՝ տուժում են կա՛մ առաջինները, կա՛մ երկրորդները: Իզուր չէ, որ մասնավոր դպրոցներում աշակերտների առավելագույն թիվը 15-17 է: Դասարաններում աշակերտների առավելագույն թվաքանակի նվազեցումը բխում է ամենից առաջ երեխաների շահերից, երկրորդը՝ ուսուցչի»,- մանրամասնել է քաղաքացին: Այս հարցը ևս անարձագանք չի մնացել. նշված է, որ ներկայացված առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս