«Հրթիռների գործի» օրինակով հերթական քաղաքական շոո՞ւն, թե՞ …
ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
«Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը՝ ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»,- նշված է ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո» մականունով):
Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018թ. բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
ԱԱԾ-ն այդ ժամանակ հայտնել էր, որ Դավիթ Գալստյանի ընկերությունը Պաշտպանության նախարարությունից այս գործարքի դիմաց ստացել է մեկ միլիոն դոլարից ավելի գումար:
Ավելի ուշ, երբ Դավիթ Գալստյանն անցնում էր «հրթիռների գործով», գործարարի փաստաբան Արմեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաև հրանոթի արկերի գործին՝ նշելով.
«Քրեական դատավարությունը նախատեսում է անկախ փորձագետի ինստիտուտը, որի դեպքում բացառվում է որևէ կաշկանդվածություն։ Մենք պատրաստ ենք հրավիրել մասնագետների Եվրոպայից, Ռուսաստանից։ Այդպես ենք արել նաև նախկին քրեական գործով (նկատի ունի հրանոթի արկերի գործը.- Մ.Պ.): Սակայն նախաքննության մարմինը հրաժարվել է մեր ներգրաված մասնագետներից։ Իսկ այս գործով մենք դրսի մասնագետներից ստացել ենք մասնագիտական կարծիքներ, որոնք անպայման կներկայացվեն նախաքննության մարմնին։ Սակայն այդ կարծիքները չեն կարող փոխարինել դատավարությամբ նշանակված փորձաքննության եզրակացությանը, որը որպես ապացույցի տեսակ՝ ավելի ծանրակշիռ է։ Մենք արդեն իսկ հիմնավորել ենք, որ հրթիռների որակի և անպիտան լինելու պնդումներն անհիմն են անհերքելի փաստարկներով։ Դա է պատճառը, որ նախաքննության մարմինը հրաժարվել է փորձաքննություն իրականացնել, քանի որ իրենց համար էլ, կարծում եմ, ակնհայտ է այդ փաստը, որ փորձաքննության արդյունքներով մեղադրանքները կհիմնազրկվեն։ Նույն պատկերն էր նաև նախորդ գործով։ Փորձաքննությունը, որքան հնարավոր է՝ ձգձգեցին, վերջում փորձաքննության ընթացքում գրանցվեցին գերազանց արդյունքներ, ինչը մերկացրեց ապրանքի անորակ լինելու հետ կապված կեղծ մեղադրանքը»,- ասել էր գործարարի փաստաբանը:
Չի բացառվում, որ վերևում նշված գործով լինեն նոր ձերբակալվածներ, և որքան էլ հավատանք ԱԱԾ հաղորդագրության բովանդակությանը, չենք կարող բացառել նաև քաղաքական շոուի պահը՝ աչքի տակ ունենալով հրթիռների գործը, դրա հետ կապված դատական նիստերի պասիվությունը, որով անցնում են ՊՆ նախկին պաշտոնյաներ և բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը և այլք:
Վերադառնալով այսօր ձերբակալված զինվորականին, նշենք, որ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանը գեներալ է դարձել Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2019-ի նոյեմբերին: Ավելի ուշ գեներալ Հարությունյանը միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարությանը: 2022-ի փետրվարին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: