Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց. Փաշինյան
Ղարաբաղի կարգավիճակը նպատակ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու միջոց: Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովում 2021 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում բանակցություններում հայկական կողմի հայեցակարգի հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որից բխում էին Ղարաբաղի բնակչության անվտանգության իրավունքներն ու երաշխիքները, ապա այժմ հիմքն իրավունքներն ու անվտանգությունն են, որից բխում է արդեն կարգավիճակը:
«Մենք արձանագրում ենք, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց։ Այն պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը։ Սա շատ հասկանալի վերաբերմունք է միջազգային հանրության համար։ Բայց կա նաեւ մի շատ կարեւոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որն իսկապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պետք է մեզ համար իրական լուծում համարվի»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հավելեց, որ Հայաստանն այսօր փորձում է գնալ հարեւանների հետ լիարժեք խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհով։