«Դատավոր Մարդանյանից սպասել, որ նա արդարադատություն կիրականացնի՝ միամտություն է». Բերդի համայնքապետի փաստաբան

Հունիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Իջևանի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի գործով հերթական դատական նիստը։

Մինչ վկանների հարցաքննությունը, Հարություն Մանուչարյանի փաստաբանական թիմը դատավոր Մարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչից հետո դատավորը հեռացավ խորհրդակցությունների սենյակ, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց այսօր՝ ժամը 09։45-ին։

168.amի հետ զրույցում Հարություն Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանն ասաց, որ դատավոր Մարդանյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։

«Մեր միջնորդությունը դատարանը մերժել է, հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 22-ին։ Միջնորդության մերժումը, իհարկե, սպասելի էր, նախկինում ինքնաբացարկի երկու միջնորդություն նույն դատավորը մերժել էր։ Հետևաբար՝ ակնկալիք չկար, որ նա կընդունի այդ ինքնաբացարկը։ Ամեն դեպքում հիմքերը կար, և մենք պարտավոր էինք ներկայացնել այդ միջնորդությունը»,- նշեց Արման Թամրազյանը։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնի։

«Հաջորդ դատական նիստին հավանաբար դատարանը կանցնի դատական քննության, եթե կողմերը, օրինակ՝ մեղադրողը, միջնորդություններ չունենան, կսկսվի դատաքննությունը և կսկսվի ապացույցների հետազոտումը։ Դատավոր Մարդանյանից սպասել, որ նա արդարադատություն կիրականացնի՝ միամտություն է»,- հավելեց Արման Թամրազյանը։

Նշենք, որ Հ. Մանուչարյանի փաստաբանական թիմը դատավոր Մարդանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել այն պատճառով, որ ըստ նրանց՝ նախագահող դատավորը կանխակալ բացասական վերաբերմունք ունի համայնքապետի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդու՝ Անուշավան Մանուչարյանի, 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետևանքով այն կասեցվել է, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են։

Հարություն Մանուչարյանը նախորդ տարվա դեկտեմբերից կալանավորված է։

Տեսանյութեր

Լրահոս