«Սա ազգային պայքար է. եթե դա չանենք, սա դառնալու է թուրքերի տունը». Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի կարծիքով՝ երբեմնի ակտիվ քաղհասարակությունը  հանդես չի գալիս ի պաշտպանություն ժողովրդավարության:

«Մեր պետությունից ահռելի մաս խլվեց, մեր հայրենակիցները մնացին անպաշտպան, ու դա արվեց ժողովրդավարության անվան տակ, իսկ ժողովրդավարության անվան տակ իրենք քանդեցին ժողովրդավարության հիմնասյուները՝ դատարանները, Ազգային ժողովը շրջափակել տվեցին, հակաժողովրդավարական քայլեր կատարեցին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ երբեմնի ակտիվ քաղհասարակությունն իբրև թե մարդու իրավունքներով է զբաղվում, բայց ոչ բոլոր մարդիկ են համապատասխանում նրանց շրջանակներին, որոնք կարող են իրավունքներ ունենալ:

«Երբ այդ քաղհասարակության ներկայացուցիչները զավթեցին իշխանությունը, որից հետո մեր հայրենակիցների հետ շատ վատ բաներ կատարվեցին, նրանք իրենց պարզ երեսով ցույց տվեցին, որ իրենց նպատակը իշխանությունը զավթելն էր, իրենց թիմի համար բարեկեցություն, կայունություն ապահովելն էր ու դրանով շարունակելը: Ընդ որում՝ իրենք նույնիսկ մեղավոր էլ չեն, որովհետև իրենց այստեղ կազմակերպել են, ստեղծել են իրենց համայնքները, որոնց ներսում կայունություն է, իսկ մարդը՝ որպես կաթնասուն, համայնքի մեջ է իրեն ապահով զգում: Հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե իքս անձը այդ քաղհասարակության համայնքից դուրս գա, ի՞նչ է լինելու նրա հետ, նա մնալու է մենակ: Այդ կայունության, ապագայի նկատմամբ վախից ելնելով՝ իրենք չեն կարող այլևս պահել իրենց գաղափարական հիմքերը, որովհետև իրենց ֆոբիան մենակ մնալն է: Եթե իրենք պահեն ճիշտ գաղափարները, իրենք իրենց համայնքի կողմից չեն ընդունվելու, վտարվելու են»,- ընդգծեց նա:

Հովհաննես Իշխանյանը նկատեց՝ թեև արևմտյան կառույցները Հայաստանում գրասենյակներ են հիմնել, որպեսզի հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվեն, բայց իրականում իրենց հասարակական կազմակերպություններով նպաստել են, որ խախտվեն այդ իրավունքները. «Նրանք աջակցել են, որպեսզի դատարանները քանդվեն, դատավորներին անարդարացիորեն հեռացնեն, կանանց նկատմամբ բռնություններին ժամանակ առ ժամանակ չեն արձագանքել: Նրանց ամբողջ պրոպագանդան տարածվում էր Ռուսաստանի դեմ և Հայաստանում արցախամետ ուժերի դեմ»:

Նա ընդգծեց՝ Արևմուտքի շահերին հավատարիմ մարդիկ են այսօր Հայաստանում իշխանության. «Ամերիկայի դեսպանը երբ և ուր ուզում՝ մտնում է, նույնը՝ Ամերիկային կից մարդիկ, որոնք այստեղ աշխատում են: Նրանց առաջ բոլոր դռները բաց են: Պատերազմի ժամանակ կարող էին ամենագաղտնի տեղը գնալ մտնել: Այսինքն՝ իրենք իշխանություն ունեն այստեղ, և երբ դու իշխանություն ունես ինչ-որ տեղ, դու, բնականաբար, քո իշխանության թիմի անդամներին պետք է ամեն ձևով պահես: Կարող ես ասել՝ ժողովրդավար են, խիզախ են, քաջ են: Նպատակը շատ պարզ է՝ մի կողմից Իրանին են խփում, մյուս կողմից՝ Ռուսաստանին»:

Հովհաննես Իշխանյանի կարծիքով՝ այս ամենի դեմ պայքարելու համար լուրջ թիմային աշխատանք է պետք. «Յան ազգանունով մարդկանց խնդիրն է՝ ապահով տարածք ստեղծել, որպեսզի հասկանան, որ սա բոլորիս տունն է: Եթե չանենք, սա դառնալու է թուրքերի տունը, ու թուրքերը կսկսեն միասին կառուցել իրենց տունը, ինչպես դա անում են մեր հողերի վրա: Ճիշտ է, ժամանակավոր են անում, որովհետև վաղ թե ուշ հեռանալու են մեր հողերից, բայց այս պահին չէ՞ որ համարում են, որ Արևմտյան Հայաստանն իրենց տունն է, որովհետև մենք մեր տան ծակերը չենք փակել: Այս պայմաններում պետք է հասկանալ, որ մարդիկ, որոնք նաև չեն գալիս դեպի այս կողմ, որովհետև այնտեղի իրենց համայնքային հարմարավետության գոտիները կայուն են, պետք է նպաստենք, որ հասկանան՝ այս կողմում էլ է ապահով, մենք էլ ենք գրավիչ, որովհետև, առաջին հերթին, մենք նույն ինքնությունն ենք կիսում: Սա ազգային պայքար է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս